կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-10 22:58
Մշակույթ

Պահանջվում է միլիոնատեր

Պահանջվում է միլիոնատեր

Դեկտեմբերի 10-ից «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում կցուցադրվի «Պահանջվում է միլիոնատեր» ռոմանտիկ կատակերգությունը, որի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը:

 

«Սա իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է նկարահանված: Ֆիլմի հիմքում ընկած է սեր եւ հումորը: Եթե հնարավոր լիներ այն անվանել «Սեր եւ հումորե, միգուցե հենց այդպես էլ անվանեինք»,- ասաց Դավիթ Բաբախանյանը:

 

«Պահանջվում է միլիոնատեր»-ը զվարճալի, միաժամանակ քիչ տխուր, քիչ անհավանական, բայց եւ իրական պատմություն է: Մեկ ու կես ժամ տեւողությամբ ֆիլմում նկարահանվել են Հովհաննես Ազոյանը (Հովո), Միքայել Աբրահամյանը (Միշո), Անի Երանյանը, Անի Պետրոսյանը, Նաիրա Մովսիսյանը, Սիրանուշ Լազյանը եւ այլոք: Սցենարի հեղինակներն են` Աշոտ Աբրահամյան, Ռուբեն Ջաղինյան, Դավիթ Բաբախանյան: Պրոդյուսերը`Ռուբեն Ջաղինյան:

 

Ֆիլմի գլխավոր հերոսը`Տիգրանը (Հովո), ծաղիկների իսկական սիրահար է, աշխատում է ծաղկի խանութում որպես առաքիչ: Կարող է անվերջ խոսել ծաղիկներից, բայց սիրային հարցերում անհուսալի ձախողակ է: «Թեթեւ, ուրախ ֆիլմ է: Եթե ինչ-որ բան ձեզ դուր չգա, անպայման ասեք, որպեսզի հետո իմանանք`որտեղ ենք թերացել`շտկենք»,- ֆիլմի շնորհանդեսի ժամանակ ասաց Հովոն:

 

Տիգրանի եղբայր Էմիլը (Միշո) փորձում է օգնել նրան սիրային հարցերում: Անգամ համոզում է Տիգրանին գնալ ծայրահեղ միջոցի`դիմել սեւ մոգության օգնությանը: «Շատ դժվար է կատակերգական դեր ստանձնելը, մանավանդ որ դերասան էլ չես: Կարծում եմ`ինձ հաջողվել է իմ կերպարով համոզիչ լինել»,- խոստովանեց Միշոն:

 

Իսկ ֆիլմի դերակատարներից Նաիրա Մովսիսյանը հավատում է, որ այն հանդիսատեսի հավանությանը կարժանանա. «Սա իմ առաջին գլխավոր դերն է գեղարվեստական ֆիլմում: Մենք արել ենք հայ հանդիսատեսի համար առաջին և դրական լիցքեր հաղորդող կատակերգական ֆիլմ: Շատ կուզեի, որ դիտողները ֆիլմը չընկալեին որպես դրամա, այլ զվարճանային հերոսների խենթ ու խելառ արարքներից իրենց «միլիոնատիրոջը» տիրելու համար»: