Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային իրավունքը, խոսելով պետությունների մասին, հաճախ է նրանց անձնավորում: Իրավունքի տեսանկյունից պետության հիմնական հատկանիշը նրա միջազգային իրավական ինքնությունն է (international legal personality), այսինքն` միջազգային քաղաքական դաշտում անհատականացված հարաբերությունների մեջ մտնելու ունակությունը: Ըստ այդմ, միջպետական հարաբերությունները շատ բանով նման են միջանձնական հարաբերություններին, քանզի ընդհանուր առմամբ պետության` կարգին պետության, շահն ածանցվում է նրա անհատ քաղաքացիների հավաքական շահից:
Անձնավորելով պետությանը` միջազգային իրավունքը քաղաքական եւ իրավական բազում երեւույթներ նկարագրելիս օգտագործում է անձին վերաբերող բառապաշար: Օրինակ, միջազգային իրավունքի մեջ կա խոցված, վերք ստացած, վիրավորված պետություն (injured state) հասկացությունը: Եղեռնազարկ բանաստեղծ Դանիել Վարուժանն այդ երկրներին կկոչեր «կարեվէր երկրներ»: Հիշո՞ւմ եք նրա «Յիսուսի պես կարեվէր, Արշալոյսի մը երկունքէն բռնուած»: Քանի որ «կարեվեր» [կարեվէր] բառը բաղկացած է կարի = ուժեղ, խորը եւ վէր(ք) [ստացած] բառերից եւ միանգամայն արտահայտում է injured state-ի ընդգրկուն քաղաքական իմաստը, ուստի հայոց քաղաքական բառապաշարը հարստացնենք եւս մի դարձվածքով եւ այդ խոցված երկրները բնութագրենք որպես կարեվեր պետություններ:
Միջազգային իրավունքը հստակ տալիս է կարեվեր պետության սահմանումը. «Կարեվեր պետությունն այն պետությունն է, որի իրավունքը խախտվել է մեկ այլ պետության կողմից` սեփական պարտավորությունների ոտնահարումից առաջացած միջազգայնորեն սխալ գործողության հետեւանքով»: (An injured state is a state whose right has been infringed through a breach of obligation by another states internationally wrongful act.) Երբ նայում ենք մեր ոչ վաղ անցյալին, ապա ակնհայտ է դառնում, որ 1920-1921թթ. բոլշեւիկա-քեմալական խարդավանքների հետեւանքով Հայաստանի պետականության մարմնին հասցվել է խորը վերք. Թուրքիան ոտնահարելով իր ստանձնած միջազգային պարատավորությունները, բոլշեւիկների աջակցությամբ եւ Արեւմուտքի թողտվությամբ, խախտել է մեր իրավունքները եւ մեր պետությանը զրկել է պետականության կենսապահովման նվազագույն պաշարից: Այսինքն, մեր պետականությանը հասցված վերքը հանգեցրել է պետության կենսունակության որակական անկման: Պետք է հստակ տարբերակել պարզապես տարածքային կորուստը կենսունակության կորստից: Օրինակ, Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի բռնազավթումը տարածքի եւ հարստության կորուստ է, սակայն որակի կորուստ չէ: Կիպրոսը, կորցնելով իր տարածքի 37%, չի կորցրել աշխարհի հետ ազատորեն հաղորդակցվելու ունակությունը, ուստի պահպանել է զարգացման հնարավորությունը: Հայաստանի Հանրապետությունը, կորցնելով Կարսի մարզը (դեռ չեմ խոսում Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացված տարածքների մասին), առնվազն կորցրել է աշխարհի հետ ազատորեն հարաբերվելու ունակությունը, սեփական մայրաքաղաքի պաշտպանունակությունը եւ Վրաստանի վրա համարժեք ազդեցության լծակը:
Այս վիճակից ելքեր գտնելու համար պետք է սթափ նայել իրականությանը` ներկա սահմաններով, նման աշխարհաքաղաքական դիրքում եւ նման հարեւանների առկայությամբ Հայաստանի Հանրապետությունն ապագա չունի: Մեր պետականության մարմնին հասցված վերքերն անհամատեղե-լի են մեր պետության կյանքի հետ: Քանի դեռ այդ վերքերը չեն ապաքինվել, առավելագույնը ուշմիջնադարյան ռոմանտիզմ է հույս փայփայել, թե կարելի կլինի կառուցել ապահով եւ բարգավաճ երկիր: Եթե բանաստեղծ լինեի կգրեի. «Մեր ափերի մեջ դեռ մղկտում են մեխի տեղերը եւ մեր վերքերը դեռ շարունակում են արնահոսել»:
Այստեղ ուզում եմ անել մի հույժ կարեւոր շեշտադրում` Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը եւ օրենքի գերակայությանն այլընտրանք չկա: Ավելին, ժամանակային առումով ես դրանք ամենաառաջնահերթն եմ համարում: Առանց դրանց ոչինչ հնարավոր չէ անել, ընդհանրապես ոչինչ: Մեր պետականության ինքնին գոյության համար ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը կենսականորեն անհրաժեշտ պայմաններ են: Սակայն բուն խնդիրն այն է, որ դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Հայաստանին պետք է կենսունակության նվազագույն պաշար, այսինքն` այն, ինչ դարերով միջազգային հանրությունն անվանել է Հայկական հարցի լուծում: Ի վերջո ի՞նչ էր Հայկական հարցը. դա հայ ժողովրդի արժանապատիվ գոյության համար նվազագույն կենասապայմանների ապահովում էր: Ներկա փուլում Հայկական հարցի լուծման դրսեւորումը փոխվել է: Ներկայումս այն միջազգային իրավունքով Հայաստանի Հանրապետությանը հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական եւ բարոյական իրավունքների վերականգնումն է: Փոխվել է դրսեւորումը, սակայն չի փոխվել էությունը. Հայաստանի Հանրապետության գոյության համար անհրաժեշտ է կենսապահովման նվազագույն պաշար, որին հնարավոր է հասնել միմիայն Հայկական հարցի լուծման ճանապարհով: Մենք դա պետք է գիտակցենք, որպեսզի հստակորեն պատկերացնենք մեր անելիքը եւ խուսափենք հերթական սխալներն անելուց: Ի վերջո հայ-թուրքական հայրենակործան արձանագրությունները դեռ կախված են մեր գլխին:
Արա Պապյան
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար