կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-12 14:42
Առանց Կատեգորիա

Լրագրողները Թուրքիայում դարձյալ մեղադրանքի թիրախ են

Լրագրողները Թուրքիայում դարձյալ մեղադրանքի թիրախ են

Եվրոպական Հանձնաժողովը Թուրքիային մեղադրում է խոսքի ազատությունը ոչ բավականաչափ երաշխավորելու մեջ: Թուրքիայի ԵՄ անդամագրման առաջընթացի մասին Հանձնաժողովի տարեկան հաշվետվությունում Հանձնաժողովը նշել էր, որ դեռ մտահոգություններ կան մամուլի դեմ քաղաքական հարձակումների վերաբերյալ:


Թուրք լրագրող Իսմայիլ Սալմազը, ով արդեն 10 քրեական գործ ուներ հարուցված իր դեմ իր տպագրած հոդվածների համար, վերջերս կառավարության կայքից պարզել է, որ ևս երկուսն են ավելացել: Այդ տասներկու քրեական գործերում 95 տարվա ազատազրկում են պահանջում Սալամազի համար: Իսկ «Միլիյետ» օրաթերթի լրագրող Նեդիմ Սեներին, ով Հրանտ Դինքի սպանության մասին գիրք էր գրել, մեղադրելով ոստիկաններին այն բանում, որ նրանք չեն արել հնարավոր ամեն ինչ սպանությունը կանխելու համար, գրքի տպագրումից հետո մեղադրել են զրպարտանքի և գաղտնի փաստաթղթերի հրապարակման մեջ: Որպես պատիժ առաջադրվել է 32 տարվա ազատազրկում, որն ավելի շատ է, քան Դինքի սպանության մեջ մեղադրվողին սպասող պատժաչափը: «Երբ ես սկսեցի զբաղվել ժուռնալիստիկայով, պայմաններն այսքան բարդ չէին, այսօր, սակայն, կառավարությունը անմիջական ճնշում է գործադրում լրագրողների վրա իրենց դուր չեկած լուրերի համար և ստիպում նրանց ազատվել աշխատանքից»,- ասել է Սեները CNN-ի թղթակցին:


Ըստ «Միջազգային լրատվական ինստիտուտի»` Սեպտեմբերի 30-ի դրությամբ մամուլի 50 աշխատակիցներ բանտարկվել են Թուրքական բանտերում և առնվազն ևս 50-ին սպասում է հնարավոր ազատազրկումը: Այս ամենի հետևանքում Թուրքիան երկու տարում «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում» 102րդ տեղից իջել է 138 և այժմ գտնվում է ներքևի 40 երկրների մեջ: