կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-02 14:47
Տարածաշրջան

Թուրքիայում «հայերի մոտ» աշխատող լրագրողները «քայլող թիրախներ են». ՌԴ-ն խոստանում է պատասխանել

Թուրքիայում «հայերի մոտ» աշխատող լրագրողները «քայլող թիրախներ են». ՌԴ-ն խոստանում է պատասխանել

Երեկ՝ մարտի 1-ին Թուրքիայում ձերբակալվեց ռուսական «Սպուտնիկի» գլխավոր խմբագիր Մահիր Բոզթեփեն և ևս երկու աշխատակից, իսկ մի խումբ ազգայնականներ ներխուժել են ծառայության երեք աշխատակիցների բնակարաններ՝ սպառնալիքներ հնչեցրել, ազգայնական կոչերով հանդես եկել:

«Ոստիկանությունը եկավ Ստամբուլում գտնվող մեր գրասենյակ: Ձերբակալվել է ևս մեկ աշխատակից, ևս երեքն էլ դեռ երեկվանից գտնվում են Անկարայի ոստիկանությունում, որտեղ օրերս նրանց բնակարան էին ներխուժել թուրք ազգայնականների: Թուրքիա՛, սա ի՞նչ է», -  այս մասին, ըստ Yerkir.am-ի, իր Telegram-ի ալիքում հաղորդում է «Russia Today» հեռուստաընկերության, «Ռուսաստանն այսօր» և «Սպուտնիկ» լրատվական գործակալությունների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Ռուսական ծառայության աշխատակիցների նկատմամբ հետապնդումները սկսվել են փետրվարի վերջին Սիրիայի Իդլիբ նահանգում ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին: Բացի այդ, ձերբակալման պատճառ է դարձել նաև «Սպուտնիկի» կայքում տեղ գտած հոդվածը, որն անդրադառնում է Թուրքիայի 81-րդ նահանգի՝ Հաթայի (պտմ. Ալեքսանդրեթի սանջակ) ճակատագրին, թե  ինչպես է 80 տարի առաջ Սիրիայից խլվել և Թուրքիային բռնակցվել այդ հողերը: Հոդվածը նաև անդրադառնում է երկրամասի բնակչությանը, նշվում, որ այնտեղի որոշ շրջաններում հայկական բնակչությունը եղել է մինչև Հայոց ցեղասպանությունը, որն ավարտվել է 1923 թ.: Ալեքսանդրեթի սանջաքում ապրել են արաբներ, հայեր, թուրքեր, ասորիներ, ալևիներ, թուրքմեններ, սակայն մեծամասնություն կազմող բնակչություն չի եղել, բայց Թուրքիան Անատոլիայից հարկադրաբար այնտեղ է վերաբնեկեցրել թուրքերի՝ դեմոգրաֆիական պատկերը փոխելու համար:

Ռուսական «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Մոսկվայում գտնվող դիվանագիտական աղբյուրներից տեղեկացրել են՝ «թուրքական ԶԼՄ-ների նկատմամբ պատասխան գործողությունները չեն ուշանա»:

Ռուս արևելագետ Եվգենի Սատանովսկին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե որտեղից են ԶԼՄ ներկայացուցիչների վրա հարձակվողներն իմացել և՛ աշխատավայրերի, և՛ առավել ևս բնակության հասցեները. «Կամ ոստիկանությունից, կամ տեղի հատուկ ծառայություններից: Չէ՞ որ սա Թուրքիան է: Այնպես, որ ելքը կարող է տարբեր լինել: Օրինակ մեր նախկին դեսպանին սպանեցին և մեղքը բարդեցին Ֆեթուլլահ Գյուլենի վրա: Ստում են այնպես, ինչպես շնչում են: Ինչպե՞ս անհետացավ և սպանվեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգին…: Մասսայական բռնաճնշումներ լրատվամիջոցների, ընդդիմության, քաղաքական հակառակորդների նկատմամբ: Այսպիսի ավանդույթներ են: Այնպես, որ «Սպուտնիկի» աշխատակիցների ճակատագրերը մեծ հարցականի տակ են», - նշում է Սատանովսկին:

Ըստ ռուս արևելագետի՝ թուքերին «մոտիվացնում» է նաև ծառայության գլխավոր խմբագրի ազգանունը (նկատի ունի Մարգարիտա Սիմոնյանին՝ խմբ.), իսկ թուրքերը, որոնք աշխատում են ամենօրյա և ամենժամյա ռազմական պսիխոզի մթնոլորտում, տեղացի ազգայնականների և ուժայինների համար դավաճան են: «Իսկ եթե թուրքերը, որոնք աշխատում են հայերի մոտ, ընդհանրապես քայլող թիրախներ են»:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՌԴ-ն իր մտահոգություններն է հայտնում ռուսական ծառայության աշխատակիցների նկատմամբ գործողությունների համար:

 

Ա. Եղիազարյան