Հայաստանում Համահայկական բանկն արդեն գրանցվել է եւ իրականացնելու է զարգացման բանկի գործառույթներ: Ինչպես երեկ Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովի աշխատանքների ամփոփման ժամանակ նշեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Համահայկական բանկը միավորելու է ամբողջ հայության ներուժը եւ ֆինանսավորելու է համահայկական բնույթի ծրագրեր:
«Մենք հրավիրում ենք Սփյուռքի մեր հայրենակիցներին, ոչ միայն ֆինանսական, այլեւ բիզնես շրջանակների ներկայացուցիչներին մասնակցել բանկի կայացման գործին»,-ասաց Ա. Ջավադյանը: Համահայկական բանկի նախնական կապիտալը հայտարարված է 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, Հայաստանն իր կողմից ներդրում է իրականացնելու 20 մլն դոլարի չափով:
Ա. Ջավադյանի խոսքով, արդեն բանակցություններ են վարվում բոլոր ֆինանսական կառույցների հետ ապագայում բանկում մասնակցություն ունենալու նպատակով: Մի քանի օրից կնշանակվի բանկի գործադիր տնօրեն: «Շատ շուտով կհստակեցվի Համահայկական բանկի բիզնես ծրագիրը, որի հաստատումից հետո այն կարող է սկսել իր գործունեությունը: Կարծում եմ, եթե ոչ այս տարվա վերջին, ապա 2011թ-ի սկզբին բանկը կսկսի գործել, սակայն դեռ այն գումարներով, որոնք ներդրել է Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց Ա. Ջավադյանը: Ըստ նրա` բանկի համար սահմավել են մի քանի գերակա ուղղություններ` զբոսաշրջություն, առողջապահություն, կրթություն, ենթակառուցվածքներ:
Շուտով կստեղծվի Համահայկական բանկի ինտերնետային կայքը: ԿԲ-ի նախագահը նշեց, որ հետագայում բանկը կունանա ներկայացուցչություններ, մասնաճյուղեր տարբեր երկրներում: Նախատեսվում են այցելելություններ այն երկրներ, որտեղ կա Համահայկական բանկի կայացմանն ուղղված ներուժ: