|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Տիգրանակերտում (պաշտոնական անվանումը՝ Դիարբեքիր) վախճանվել է հայտնի հայ Արմեն Դեմիրճյանը։ www.akunq.net- ի փոխանցմամբ՝ այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է պոլսահայ հանրային և քաղաքական գործիչ Մուրադ Մըխճըն։
Աղբյուրի համաձայն՝ Մուրադ Մըխճըն ցավակցություն է հայտնել Դեմիրճյանի հարազատներին և Տիգրանակերտի հայ համայնքին։ Նա նաև նշել է․
«Ցավով տեղեկացա, որ կորցրել ենք Արմեն Դեմիրճյանին։ Իմ ցավակցություններն եմ հայտնում բոլոր տիգրանակերտցիներին։ Արմենի կյանքը հայերի կրած ցավերի ամփոփումն էր։ Արմենը միշտ աջակցել է ինձ։ Քեզ տվածս՝ խաղաղության մասին խոստումը հասցնելու ենք իր հանգրվանին»։
Անձնագրում որպես Աբդյուրահհիմ Զորարսլան գրանցված Արմեն Դեմիրճյանն իր հայ լինելու մասին տեղեկացել է 25 տարեկանում։ Նրա հայրը՝ Հակոբ Դեմիրճյանը, տակավին 4 տարեկան հասակում, 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից փրկվել է մի քուրդ ընտանիքի կողմից։
Իր ընտանիքի անցյալի մասին տեղեկանալուց հետո սեփական արմատները որոնել սկսած Արմենը Եվրոպայում և Ամերիկայում գտել էր իր ազգականներին։ Նա հայերեն էր սովորել և ձգտել վերահաստատել հայկական մշակույթի հետ իր կապերը։ Նա որոշ ժամանակ աշխատել էր Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցում և դարձել տեղի համայնքային և մշակութային կյանքի մի մասնիկը։
Արմեն Դեմիրճյանը մի քանի անգամ այցելել էր նաև Հայաստան։ Նա 2014 և 2015 թվականներին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրին։
Արևմտահայաստանի և արևմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնը ցավակցություն է հայտնում Արմենի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին և ընկերներին, ինչպես նաև՝ Տիգրանակերտի հայ համայնքին։
Մելինե Անումյան