կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-02 15:50
Քաղաքական

Սա պատմական իրադարձություն էր. Պետո Դեմիրճյանը` Բունդեսթագում ընդունված բանաձևի մասին

Սա պատմական իրադարձություն էր. Պետո Դեմիրճյանը` Բունդեսթագում ընդունված բանաձևի մասին

Սա պատմական իրադարձություն է, պատմական օր է, որովհետև գիտենք, թե Գերմանիան ինչ կարևոր երկիր է Եվրոպայում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը` խոսելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման մասին: Ըստ նրա` սա շատ կարևոր  իրադարձություն պետք է ընկալենք` նաև Գերմանիայի անցյալը նկատի ունենալով:

«Գերմանիան այսքան տարի չէր գնում այս ամենին դեմ հանդիման, Գերմանիան, որը Օսմանյան կայսրության` այն օրերի դաշնակիցն էր: Ուզում եմ ընդգծել, որ գերմանացի երեսփոխաններից մեկը մի շատ կարևոր բան ասաց` ընդգծելով, որ պետք է հարց տան` ինչո՞ւ ենք 101 տարի հետո այս բանաձևը որդեգրում»,- ասաց Դեմիրճյանը:

Բունդեսթագի որոշման ազդեցության մասին խոսելով` նա ընդգծեց. «Բանաձևի մեջ կոչ  է արվում, որ գերմանական դասագրքերում պետք է անպայման ներառվի Հայոց ցեղասպանության փաստը: Գիտենք, թե ինչքան թուրք է ապրում Գերմանիայում: Սա շատ կարևոր է: Նկատի ունենալով Գերմանիայի անցյալը` այդ երկիրը կարող է միջնորդել, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և իր անցյալի, պատմության հետ առերեսվի»,:

Դեմիրճյանը հավելեց, որ Գերմանիայի նախագահն անցյալ տարի խոսել է Ցեղասպանության մասին և ասել է, որ դա իրականություն է, ու  Գերմանիան պետք է ճանաչի այն:

«Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի պատմության մի մասն է, և Գերմանիան պետք է առերեսվի իր անցյալի հետ»,- ասաց նա:

Դեմիրճյանի բնորոշմամբ`Բունդեսթագի այս քայլին նպաստեց ոչ միայն Գերմանիայի նախագահի խոսքը և գերմանական քաղաքական խմբակցությունների դիրքորոշումը, որ չի կարելի նման  բանաձևը չընդունել: «Սա կարևոր նախադրյալ է, որովհետև եթե Եվրոպայի ամենամեծ երկիրը ճանաչեց, մյուս երկրները, բնականաբար, ավելի հեշտ պետք է ընդունեն»,- եզրափակեց նա: