կարևոր
640 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-02 14:44
Հասարակություն

Աքսարայի հայկական պատմական Կարմիր վանքն սպասում է իր այցելուներին․ թուրքական կայքի անդրադարձը

Աքսարայի հայկական պատմական Կարմիր վանքն սպասում է իր այցելուներին․ թուրքական կայքի անդրադարձը

Աքսարայի նշանավոր պատմական հուշարձաններից Կարմիր վանքը ուշադրություն է գրավում իր կարմիր քարերով։ Աքսարայի քաղաքապետարանը քաղաքի մշակութային հարստությունը ներկայացնելու նպատակով կոչ է անում քաղաքացիներին բացահայտել այս աննման հուշարձանը։ Այդ մասին, www.akunq.net-ի փոխանցմամբ, գրում է «Յենի Գյուն» թուրքական պարբերականը։ Ստորև ներկայացնում ենք թուրք հեղինակ Ֆաթմա Ալթընոքի հոդվածի հայերեն թարգմանությունը․

Ֆաթմա Ալթընոք

5-րդ դարից մինչև մեր օրեր հասած պատմությունը

Աքսարայի քաղաքապետարանը շարունակում է քաղաքի պատմական և մշակութային արժեքները ներկայացնելուն ուղղված աշխատանքները։ Այդ արժեքներից մեկն էլ Կարմիր վանքն է, որն իր դարավոր անցյալով և յուրահատուկ ճարտարապետությամբ տեղ է գտել Աքսարայի նշանավոր մշակութային ժառանգության մեջ։  5-րդ դարով թվագրվող այս շինությունն ուշադրություն է գրավում իր կաս-կարմիր սրբատաշ քարերով։ Կարմիր վանքն իր անունն ստացել է այդ քարերից։

Ուշադրություն է գրավում իր ճարտարապետական առանձնահատկություններով

Իր պատմական կառուցվածքով և յուրահատուկ ճարտարապետությամբ առանձնացող Կարմիր վանքը տեղ է գտել Աքսարայի մշակութային հարստություններն արտացոլող արժեքների շարքում։ Շրջանի պատմության վրա լույս սփռող այս կառույցը մեծ արժեք է ներկայացնում պատմությամբ և մշակույթով հետաքրքրվածների համար։

Աքսարայի պատմական ժառանգության ներկայացումը կարևորվում է քաղաքի մշակութային զբոսաշրջության պոտենցիալը զարգացնելու առումով։ Կարմիր վանքի պես պատմական կառույցներն ավելի մեծ զանգվածներին ներկայացնելը կնպաստի քաղաքի անցյալը ապագա սերունդներին փոխանցելու հարցին։

Աքսարայի պատմական ժառանգությունը բացահայտելու կոչ

Աքսարայի քաղաքապետարանը սոցիալական հարթակներում տարածված գրառմամբ քաղաքացիներին կոչ է արել այցելել Կարմիր վանք և մոտիկից ծանոթանալ քաղաքի պատմական ժառանգությանը։

Անցյալի հետքերը մեր օրեր հասցրած Կարմիր վանքն սպասում է իր այցելուներին՝ որպես Աքսարայի մշակութային ինքնության կարևոր տարրերից մեկը։

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net