Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի խորհրդարանում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Բաթմանից պատգամավոր Ալի Ալթանը մեջլիսի օրակարգ է մտցրել օգոստոսի 15-ին Սասունում հայկական վանքն ու հարակից գերեզմանատները հրդեհելու հարցերը. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Պատգամավորը ներքին գործերի նախարարին ուղղված գրավոր հարցադրում է արել խորհրդարանում, թե այդ կապակցությամբ դատական գործ հարուցվե՞լ է, եթե` ոչ, ապա ե՞րբ կհարուցվի:
ՆԳ նախարարին ներկայացված հարցադրման մյուս կետերը ներկայացնում ենք ստորև:
- Վանքի և գերեզմանատների դեմ հարձակումը ռասիստական բնո՞ւյթի է:
- 2015 թվականին «ճանապարհների դեռ փակ լինելու» պատրվակով չժամանած հրշեջ ծառայության պատասխանատվությունը ո՞վ է կրում: Այս անպատասխանատվության հետևանքով առաջացած նյութական և հոգևոր վնասները ո՞վ է փոխհատուցելու:
- 15.08.2015 ամսաթվին տեղի ունեցած այդ հարձակման տեսագրությունն առկա՞ է:
- Մարդկանց համար հոգևոր արժեք ունեցող այդ գերեզմանատների վրա հարձակումները կանխելու նպատակով ինչպիսի՞ գործողություններ եք նախաձեռնում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ անհայտ անձանց կողմից հրդեհվել էին Արևմտյան Հայաստանի Սասուն գավառում գտնվող հայկական Սբ Պետրոս առաքյալի վանքն ու հարակից հայկական գերեզմանները: Թուրքական ոստիկանությունն ու հրշեջ մեքենաները չէին ժամանել դեպքի վայր՝ պնդելով, որ չեն կարող բարձրանալ Սասունի Մեշելի գյուղ, քանի որ եկեղեցի տանող ճանապարհը դեռ բաց չէ: Հրդեհը մարելու հարցում օգնել էին Մեշելի գյուղի բնակիչները: