կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-18 11:48
Հասարակություն

Անկարա նահանգի հայկական գերեզմանատունը դիտմա՞մբ չի պահպանվում․ քրդական կայքի անդրադարձը

Անկարա նահանգի հայկական գերեզմանատունը դիտմա՞մբ չի պահպանվում․ քրդական կայքի անդրադարձը

Տարիներ շարունակ գանձագողերի թիրախը դարձած Անկարա նահանգի հայկական գերեզմանատունը շարունակում է ավիրվել՝ պահպանության տակ չառնվելու հետևանքով։ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Ժողովուրդների և հավատքների հանձնաժողովի անդամ Մուրադ Մըհչըն քրդական «Մեզոպոտամիա» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ թուրքերը դիտավորյալ միջոցներ չեն ձեռնարկում գերեզմանատունը պահպանելու համար։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը։

Աղբյուրի փոխանցամամբ՝ Անկարա նահանգի Սինջան գավառի Յենիքենթ թաղամասում գտնվող Սթանոզ հայկական գերեզմանատունը թեև գտնվում է 2-րդ կարգի հնագիտական արգելավայրում, բայց և այնպես շարունակում է ավիրումների ենթարկվել գանձագողերի կողմից։ Գերեզմանատան մի հատվածն էլ օգտագործվում է որպես դաշտահանդեսի (պիկնիկի) վայր։

Գերեզմանոցում գանձագողերը ցաքուցրիվ են արել հանգուցյալների ոսկորները։ Թեև այդ տեսարանը հրապարակվել է նաև սոցիալական ցանցերում, սակայն տեղական իշխանությունները մինչ այժմ ոչ մի միջոց չեն ձեռնարկել այդ ուղղությամբ։ Գերեզմանատանն արված նկարներում երևում են նաև հայկական գրություններ պարունակող և խաչերի պատկերներով գերեզմանաքարեր։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մուրադ Մըհչըն գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ իրենք մինչ այդ բազմիցս դիմել են իրավասուներին, վերջիններս բազմաթիվ անգամ խոստացել են, որ միջոցներ կձեռնարկեն՝ գերեզմանատունը պահպանության տակ վերցնելու ուղղությամբ, սակայն չեն պահել իրենց խոստումները։

Մըհչըն նաև ասել է․ «Նորմալ է, որ Թուրքիայում ամենուր հայկական գերեզմանոցներ կան, սակայն տեսնում ենք, որ շատ տեղերում այդ գերեզմանատները կողոպտվում և ոչնչացվում են, կարծես թե այս վայրերում հայերը երբեք չեն էլ ապրել»։

Մըհչըն նաև ընդգծելով, որ Թուրքիայի իշխանությունները պարտավոր են պահպանել Սթանոզի գերեզմանատունը, և որ այդ պարտավորությունը բխում է նաև Լոզանի պայմանագրի համապատասխան հոդվածներից, հայտնել է․ «Չնայած որ 2009, 2015, 2016, 2018 և 2019 թթ․ այս գերեզմանոցի ավերման հարցն օրակարգ է բերվել, և թեև քաղաքապետարանը խոստացել է միջոցներ ձեռնարկել, սակայն մինչ օրս ոչ մի աշխատանք չի իրականացրել։ Գերեզմանատան ավիրումը վերջերս սոցիալական մեդիայի միջոցով վերստին օրակարգային թեմա դարձավ, քանզի պարզվեց, որ նախկինում ավիրված մի քանի գերեզմաններ դեռ բաց վիճակում են մնացել»։

Մըհչըն նաև կարծիք է հայտնել, որ հայկական գերեզմանոցի դեմ ուղղված այս ոտնձգությունները և գանձագողերի նկատմամբ իշխանությունների՝ միջոցներ ձեռնարկելուց խուսափելը գիտակցաբար են արվում։ Նպատակը մեկն է՝ մոռացության մատնել հայերի գոյության փաստն այս երկրում։

http://mezopotamyaajansi22.com/search/content/view/106926?page=1&key=b9542e3233bdbbb496a1448f97b37c58

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net