կարևոր
406 դիտում, 21 րոպե առաջ - 2026-11-21 12:42
Աշխարհ

ՌԴ զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և ռազմական նավերին

ՌԴ զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և ռազմական նավերին

Ռուսական զինուժն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավերին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Դնեպրոպետրովսկի մարզում խոցվել է Կրիվոյ Ռոգի ջերմաէլեկտրակայանը, որն ապահովում էր Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքը։ Սև ծովում՝ Օդեսայի շրջանում, խոցվել է բեռնատար նավ, որը Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում։

Խոցվել է նաև Ռովենսկի մարզում գտնվող էլեկտրական ենթակայանը, որն էլեկտրաէներգիա էր մատակարարում ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին։ Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 275 անօդաչու թռչող սարք։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի և Սմոլենսկի մարզերի, Ղրիմի, ինչպես նաև Սև ծովի երկնքում։ Լենինգրադի մարզի տարածքում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 61 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ օդային տագնապի ֆոնին Կիևում պայթյուններ են որոտացել։