|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ոմն «սենսեյ Անդոն» երեխայի է ծեծել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մասիսի համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է, որ այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ.-ն, ով հայտնի է «սենսեյ Անդո» մականվամբ, Արևաբույր գյուղի ճանապարհից վերցրել և իր ավտոմեքենայով Այնթապ գյուղի մարզասրահ է տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 11-ամյա տղայի։
Հասնելով մարզասրահ, Անդրանիկ Հ.-ն ռետինե խողովակով և ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել երեխայի մարմնի տարբեր մասերին, ինչից հետո մի քանի աշակերտների մոտ հայտարարել է՝ «եթե նշված տղան դպրոցում իրեն խելոք չպահի, ականջից բռնեք և զանգահարեք ինձ»։
Տեղի ունեցածի հետևանքով երեխային պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կատարվածի մասին երեխայի մայրը նույնպես հաղորդում է ներկայացրել։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ էլ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Անդրանիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։