կարևոր
454 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-13 18:36
Աշխարհ

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Եգիպտոսը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների դեմ պայքարում՝ հաշվի առնելով, որ հակամարտությունն ավելի է ընդլայնվում թագավորությունում օդանավակայանների վրա կատարված հարվածների ֆոնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բանգկոկում Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում Bloomberg հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդ ալ-Ատտին։

«Ինչ էլ սաուդցիները խնդրեն, մենք, իհարկե, կարձագանքենք», - ասել է նախարարը՝ պատասխանելով Եգիպտոսի կողմից ռազմական աջակցության հնարավորության մասին հարցին։

«Առանց որևէ վերապահման մենք կտրամադրենք ցանկացած տեսակի աջակցություն», - հավելել է նա։

Նախարարը նաև նշել է, որ Եգիպտոսը «լրջորեն քննարկում է» օգոստոսին Մեքքայում Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի կողմից ստորագրված տարածաշրջանային պաշտպանության համաձայնագրին միանալու հարցը։

Հոկտեմբերի 10-ին և 11-ին Էր Ռիադի «Խալիդ արքա» օդանավակայանը հարձակման էր ենթարկվել եմենյան հութիների կողմից: Իշխանությունների տվյալներով՝ առաջին հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, վիրավորվել՝ 309-ը: Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած երկրորդ հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ ևս 11-ը:

Oդանավակայանին նյութական վնաս է պատճառվել: Մեկ այլ հարվածի թիրախ է դարձել Դամմամի օդանավակայանը. այս քաղաք-նավահանգստում են գտնվում երկրի հիմնական նավթահանքերը: