կարևոր
394 դիտում, 53 րոպե առաջ - 2026-10-06 18:03
Աշխարհ

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Եվրամիության երկրներում գազի գնի աճը տարեսկզբից ի վեր կազմել է 140%, սակայն Եվրոպական հանձնաժողովը մտադիր է մինչև 2027 թվականի վերջը լիովին հրաժարվել Ռուսաստանից գազի գնումներից, ինչպես նաև ցանկանում է միավորել ու իր վերահսկողության տակ վերցնել ԵՄ գազի ներմուծման գործընթացը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա ելույթի տեսանյութը տարածել է Եվրահանձնաժողովը։

«Փետրվարից ԵՄ-ում գազի գինն աճել է 140%-ով»,- ընդգծել է նա։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն 2026 թվականի սկզբից գազի ներմուծման համար վճարել է 100 միլիարդ եվրոյով ավելի, քան 2025 թվականին, ընդ որում՝ չներկրելով «ոչ մի մոլեկուլով ավելի», քան նախկինում։

Նա կոչ է արել ավելացնել ներդրումները կանաչ և ատոմային էներգիայի արտադրության բնագավառում և կրճատել Ռուսաստանից գազի գնումները։ Պաշտոնյայի խոսքով՝ նախքան Ուկրաինայի դեմ պատերազմի ծավալումը Ռուսաստանից գազի ներկրման ծավալը 45% էր, իսկ այժմ այն կրճատվել է մինչև 12%։

«ԵՄ-ն այն զրոյի կհասցնի մինչև հաջորդ տարվա վերջը»,- խոստացել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Ֆոն դեր Լայենը նաև հանդես է եկել ԵՄ երկրների կողմից գազի գնումների բոլոր գործառնությունները Եվրոպական հանձնաժողովին կամ Հանձնաժողովի վերահսկողության ներքո գործող եվրոպական միասնական օպերատորին փոխանցելու օգտին։

«Մենք պետք է միավորենք գազի պահանջարկը և լիազորենք մեկ շուկայական օպերատորի զբաղվելու բոլոր ընդհանուր գնումներով», – ասել է ֆոն դեր Լայենը: