կարևոր
2062 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-05 17:45
Քաղաքական

Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 25 մլն եվրոյի օգնություն կհատկացնի․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 25 մլն եվրոյի օգնություն կհատկացնի․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես։

«Մենք հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո։ Ես այսօր Հայաստանի վարչապետին կասեմ, որ ուրախ ենք այս գումարը գրեթե կրկնապատկել՝ հասցնելով 10,2 միլիոն եվրոյի, և որ ևս 15 միլիոն եվրո օգնություն ենք հատկացնում Հայաստանի բյուջեին» - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ Գրանադայում հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցությունը։

«Իհարկե, այսօր Հայաստանը դերակատարում կունենա քննարկումներում։ Ես երկկողմ ձևաչափով կհանդիպեմ Հայաստանի վարչապետի հետ։ Մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանին, աջակցել ենք նրա հումանիտար կարիքներին։ Մենք կքննարկենք, թե էլ ինչ կարող ենք անել Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում», - ասել է նա։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը շեշտել է, որ ԵՄ-ն վճռականորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունը և աշխատում է Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերականգնման և խաղաղության համաձայնագրի հասնելու վրա։