կարևոր
658 դիտում, 54 րոպե առաջ - 2026-09-17 15:34
Աշխարհ Քաղաքական

ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել ՀՀ-ի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել ՀՀ-ի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

Ռուսաստանը պատրաստ չէ և չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի գիտական-փորձագիտական խորհրդի նախագահության անդամների խորհրդակցության ժամանակ գերատեսչության քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Նա ընդգծել է, որ Հայաստանի՝ այս փուլում կատարած յուրաքանչյուր քայլ օբյեկտիվ հետևանքներ ունի, և հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ներկայացրել է այդ գործընթացների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը՝ Երևանից պահանջելով հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով։

Խոսելով ներկայում տեղի ունեցող գործընթացների մասին՝ Շոյգուն Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը ռուսական բիզնեսի նկատմամբ անվանել է երկակի չափանիշների կիրառում։

«Այն, ինչ տեղի է ունենում այն ձեռնարկությունների և ամբողջական ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, դժվար է այլ կերպ անվանել, քան «ռեյդերային զավթում»։ Միևնույն ժամանակ, առաջ քաշվող փաստարկներն անկեղծորեն անհեթեթ են։ Օրինակ՝ այն պնդումը, թե Հայաստանը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները, եթե շարունակվի Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանի կողմից», - ընդգծել է նա։

Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է նաև ևս մեկ հանգամանք։ 1990-ականներին հենց Ռուսաստանն է Երևանին փրկել էներգետիկ և տնտեսական փլուզումից։ Իսկ վերջին 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե երեք անգամ։ Սակայն ներկայիս իշխանությունները, միևնույն է, շարունակում են Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղեգիծը։

«Ակնհայտ է Երևանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ձգտումը, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիոն մեխանիզմների, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ բացահայտ սպառողական վերաբերմունքը», - նշել է Շոյգուն։