կարևոր
1456 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-04 22:45
Հասարակություն Քաղաքական

Տասներեք տարի անց ես կրկին զգում եմ ազատության մեջ հայտնվելու բերկրանքը. Վահագն Չախալյան

Տասներեք տարի անց ես կրկին զգում եմ ազատության մեջ հայտնվելու բերկրանքը. Վահագն Չախալյան

«Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը գրում է.

«Տասներեք տարի անց ես կրկին զգում եմ ազատության մեջ հայտնվելու բերկրանքը և ինչպես տասներեք տարի առաջ, այսօր էլ ես իմ առաջին խոսքը սկսում եմ նույն բառով՝ շնորհակալություն։

Խոսք երախտիքի

Ազատության մեջ լինելու առաջին զգացումներիցս մեկը երախտագիտությունն է։ Անսահման երախտագիտությունն առ Աստված և բարի մարդկանց։

Տարիներ առաջ էլ, անազատությունից հետո, ազատության մեջ հայտնվելուց իմ առաջին խոսքը եղել է շնորհակալությունը։ Այսօր կրկին ուզում եմ սկսել հենց այդ բառից՝ շնորհակալություն։ Ողղակի պարզ, մարդկային շնորհակալություն։

Այս դժվարին օրերին ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ ամենածանր պահին մարդու համար մեծ ուժ է իմանալը, որ ինքը մենակ չէ։

Իմ ձերբակալությունն ու կալանավորումը ես պայմանավորում եմ նախ և առաջ այս ազգադավ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող արշավի համատեքստում։ Ես հայտնվեցի անազատության մեջ այս հակաեկեղեցական և ապազգային իշխանությունների վախերի և դավերի արդյունքում՝ մտացածին մեղադրանքով, այն ընթացքում, երբ իմ ձայնն էի բարձրացնում և իմ դիրքորոշմամբ պաշտպանում Հայ Առաքելական Եկեղեցին ու նրա շահերը։ Այս մասին դեռ առիթ կունենամ հանգամանորեն խոսելու և ոչ միայն խոսելու։

Այսօր, սակայն, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալության խոսք ասել։

Նախ և առաջ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր այս ընթացքում հետևեցին տեղի ունեցողին, բարձրաձայնեցին, հարցեր տվեցին և իրենց մասնագիտական աշխատանքով թույլ չտվեցին, որ կատարված անարդարությունը և քաղաքական հալածանքների անփառունակ շքերթը մնա լռության մեջ։

Շնորհակալ եմ իմ ընկերներին, հարազատներին, ծանոթներին և այն բազմաթիվ մարդկանց, որոնցից շատերին գուցե անձամբ չեմ էլ ճանաչում, բայց ովքեր այս օրերին իրենց խոսքով, զանգով, գրառումով կամ պարզապես ներկայությամբ զորավիգ եղան ինձ և ընտանիքիս, եղան մեր կողքին։

Առանձնահատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակահատվածում, երբ ես հնարավորություն չունեի ֆիզիկապես լինել ընտանիքիս կողքին, հետաքրքրվել են նրանցով, աջակցել, ուժ տվել և օգնել հաղթահարելու այս ծանր ու դժվար օրերը։ Դա այն վերաբերմունքն է, որը չի մոռացվում և չի մոռացվելու։

Դժվարությունները շատ բան են բացահայտում։ Դրանք ցույց են տալիս ոչ միայն խնդիրների ծանրությունը, այլև մարդկանց իրական վերաբերմունքը։ Այս օրերին ես տեսա շատ մարդկային ջերմություն, համերաշխություն և արժանապատվություն։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև բոլոր այն կալանավորներին, ովքեր այս դժվարին օրերին կանգնեցին իմ կողքին, չթողեցին, որ բանտում՝ ռեժիմի բռնաճնշումների դեմ, ինձ մենակ զգամ։ Վստահեցնում եմ՝ ես էլ ձեզ մենակ չեմ թողնելու։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր Սրբազաններին, ովքեր իրենց ազատությունը զոհաբերելով չնկրկեցին չարի առջև, չդադարեցին պայքարել և իրենց վճռականությամբ և համառությամբ չթողեցին չարը հասնի իր նպատակներին, շնորհակալություն Արշակ Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին և մասնավորապես Բագրատ և Միքաել Սրբազաններին, դուք Լույսի աղբյուր եք, առաջնորդող Ճրագ այս խավարի մեջ։

Շնորհակալ եմ փաստաբաններիս՝ Վրեժ Խաչիկյանին, Ալեքսան Թումասյանին, Հովհաննես Համբարձումյանին, Արթուր Առուստամյանին և 18 Արդարներիս պաշտպանող բոլոր փաստաբաններին։

Եվ վերջապես, շնորհակալ եմ իմ ընտանիքին՝ ծնողներիս, կնոջս և զավակներիս՝ իմ ողջ պայքարի ընթացքում ոչ առաջին անգամ ինձ բաժին հասած դժվարություններն ու հալածանքները կիսելու, դրանք համբերատար և անտրտունջ տանելու համար։

Չեմ ուզում այս պահին երկար խոսել անցածի մասին։ Դրա ժամանակը դեռ կլինի։ Այսօր պարզապես ուզում եմ ասել՝ շնորհակալ եմ։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ չլռելու, անհանգստանալու, աջակցելու և մեր կողքին լինելու համար։

Ձեր յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր քայլը և յուրաքանչյուր դրսևորած վերաբերմունքը արժեք ունի։

Եվ այդ ամենը ես հիշելու եմ։ ԵՎ այդ ամենը ես չեմ մոռանալու։

Գրկում ու փաթաթվում եմ բոլորիդ։ Իմ պայքարը հենց ձեզ համար է։ Դուք եք ոգևորում և առաջ մղում ինձ՝ դեպի մեծ համազգային վերածնունդ և հաղթանակ։

Կորչե՛ն պսևդոինքնիշխաններն ու պսևդոանկախականները։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Կեցցե՛ այն հաղթանակը, հայի հաղթանակը, որ վաղը գալո՛ւ է»։