կարևոր
844 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-01 10:59
Հասարակություն

Կամ «խլուրդին» կգտնեն, կամ մեկի գլխին կսարքեն. իրարանցում ԱԱԾ-ում և Հակակոռուպցիոն կոնիտեում

Կամ «խլուրդին» կգտնեն, կամ մեկի գլխին կսարքեն. իրարանցում ԱԱԾ-ում և Հակակոռուպցիոն կոնիտեում

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում «սատանաների որսի» անհաջող փորձերից հետո հիմա էլ «խլուրդների որս» է հայտարարված։ ԱԱԾ-ում և Հակակոռուպցիոն կոմիտեում իսկական իրարանցում է Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունում արած այն հայտարարությունից հետո, թե ժամանակ է տվել պարզելու՝ ով է «ուտեչկա» տվել Քոչարյանների հետ կապված սպասվող գործողության մասին, իսկ եթե չգտնեն՝ ինքն է պատասխանատուներին ազատելու աշխատանքից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ փորձում են վերականգնել ամբողջ շղթան՝ ով է նախապես իմացել գործողության մասին, ում հետ է խոսել, տեղեկությունը քանի հոգու է հասանելի եղել և որտեղից կարող էր դուրս գալ։

Միաժամանակ կառույցում հիշում են Քոչարյանի՝ օդանավակայանի տեսանյութի պատմությունն ու Փաշինյանի հայտնի ձևակերպումը՝ «ԱԱԾ աշխատողն ինքն է որոշում՝ ինչ արտահոսք անի»։ Ու հիմա իրար մեջ հարց են տալիս՝ բա էդ ո՞նց է. երբ Քոչարյանի տեսանյութը հայտնվում է իշխանական կայքերում, այդ դեպքում ամեն ինչ գցում են ԱԱԾ աշխատողի «ջեբը»՝ ասելով, թե աշխատողն ինքն է որոշում՝ ինչ արտահոսք անի, ինչ՝ չանի, իսկ երբ Քոչարյաններն են, ըստ իշխանության վարկածի, նախապես իմանում, որ ԱԱԾ-ն պատրաստվում է իրենց դուռը թակել, ամբողջ համակարգը «խլուրդ» է փնտրում։

ԱԱԾ-ում կատակով ասում են՝ երևի արտահոսքն էլ է «յուրային» ու «օտար» լինում. եթե ճիշտ ուղղությամբ է գնում՝ ԱԱԾ-ականի հայեցողությունն է, եթե սխալ ուղղությամբ՝ պետական դավաճանության չափ աղմուկ է բարձրանում։

Բայց կատակի տակ բավական լուրջ լարվածություն կա։ Փաշինյանի վերջնագիրը կառույցներում շատ ուղիղ են հասկացել՝ կամ «խլուրդ» են ներկայացնելու, կամ ինչ-որ մեկի պաշտոնն է դառնալու այդ պատմության վերջակետը։

Ու հիմա հարցն արդեն ոչ միայն այն է, թե ով է Քոչարյաններին զգուշացրել, այլ նաև՝ եթե այդպիսի մարդ իսկապես եղել է, մինչև ո՞ր հարկն է հասնում «ուտեչկայի» շղթան։ Մեր տեղեկություններով՝ կասկածներ կան նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի «կադրերի» մասով։

Սակայն «բարդ» ժամանակներ ենք ապրում․ ինֆորմացիան այսօր կարող է այնպես արտահոսել, որ անգամ այն ստացողը չիմանա՝ ով է իրականում փոխանցել։ Կան բոտեր, ֆեյք էջեր, անանուն ու միջնորդավորված կապի բազմաթիվ տարբերակներ, որոնց միջոցով տեղեկությունը կարող է հասնել հասցեատիրոջը՝ առանց ուղարկողի ինքնությունը բացահայտելու։

Այնպես որ, «խլուրդների որսը» կարող է սպասվածից երկար տևել, իսկ Փաշինյանի տված ժամանակը սպառվում է։ Համակարգում կատակում են՝ կամ իրական «խլուրդին» կգտնեն, կամ էլ մի անմեղ «խլուրդի» գլխին կսարքեն՝ միայն, թե վերևներին զեկուցեն, որ հանձնարարությունը կատարված է։