կարևոր
619 դիտում, 57 րոպե առաջ - 2026-08-14 17:13
Հասարակություն

Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է։ Անհիմն պնդումներ են, որոնցով նպատակ են հետապնդում վարկաբեկելու Եկեղեցին և մոլորեցնելու հասարակությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ անդրադառնալով օգոստոսի 12-ին ԱԺ-ում ՔՊ խմբակցության կողմից հնչեղվող տարբեր մեղադրանքներին, թե Եկեղեցին չի ցանկանում հարկեր վճարել, իսկ ընդդիմադիր պատգամավորներն էլ պաշտպանում էին Եկեղեցու հարկային կարգավորումների հարցը, Եկեղեցու՝ աշխատանքային պայմանագրեր չունենալու իրավունքը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր հարկային դաշտի վերաբերյալ տեղեկատվությունը բաց և հասանելի է, որով և ակնհայտ է, թե որքան հարկ է տարեկան վճարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր զանազան կառույցներով։

Զրպարտություն է նաև այն, որ Եկեղեցին չի ուզում աշխատակիցների հետ ունենալ աշխատանքային պայմանագրեր, որպեսզի չհարկվի։ Մայր Աթոռը աշխատանքային պայմանագրեր ունի շուրջ 900 աշխարհիկ իր աշխատակիցների հետ և պատշաճորեն վճարում է համապատասխան հարկերը։ Ինչ վերաբերում է եկեղեցականներին, ապա նրանց ծառայությունը կրում է հոգևոր ու կանոնական բնույթ և չի հանդիսանում աշխատանքային իրավահարաբերություն։

Հոգևորականներին ուխտի ծառայության կապակցությամբ վճարվող գումարներից նույնպես կատարվում են օրենքով սահմանված վճարներ։

Մնացյալ հարկային արտոնությունները սահմանված են «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով և ՀՀ օրենսդրական այլ կարգավորումներով, որոնք վերջին շրջանում միշտ չէ, որ հարգվում են ՀՀ իշխանությունների կողմից։

Թերևս ավելի տեղին կլիներ ընդվզում արտահայտել Մայր Աթոռից ոչ միայն օրենքով չնախատեսված հարկեր, այլև ավելին՝ տույժ ու տուգանքներ գանձելու առնչությամբ։

ԱԺ հարթակը պետք է վեր և զերծ մնա այսօրինակ մեքենայություններից և մերկապարանոց ելույթներից»։

Հիշեցնենք՝ Yerkir.am-ը հարցում է ուղարկել ՊԵԿ՝ պարզելու, թե որքան հարկ է վճարել Հայ Առաքելական Եկեղեցին Փաշինյանի իշխանության օրոք՝ 2018–2025 թվականների ընթացքում: Օգոստոսի 7-ին նաև հրապարակել էինք այլ կրոնական կազմակերպությունների վճարած հարկերի թիվը:

ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2018-ին Հայ Առաքելական Եկեղեցին վճարել է 407,825,203 միլիոն դրամ հարկ ($1,925,187.09 դոլար), 2019-ին՝ 371,621,183.5 միլիոն դրամ ($1,019,703.63 դոլար), 2020-ին՝ 377,284,254.5 միլիոն դրամ ($1,035,242.72 դոլար), 2021-ին՝ 399,015,340.5 միլիոն դրամ ($1,094,871.36 դոլար), 2022-ին՝ 444,717,175 միլիոն դրամ ($1,220,274.13 դոլար), 2023-ին՝ 434,291,306 միլիոն դրամ ($1,191,666.25 դոլար), 2024-ին՝ 627,243,920 միլիոն դրամ ($1,721,115.29 դոլար), իսկ 2025-ին՝ 701,615,925 միլիոն դրամ հարկ ($1,925,187.09 դոլար):

Ստացվում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին վերջին յոթ տարիների ընթացքում յուրաքաչյուր տարի մեկ միլիոն դոլարից պակաս հարկ չի վճարել: 2018-2025 ընթացքում եկեղեցու վճարած հարկերի ընդհանուր հանրագումարը կազմում է 3,763,614,308 մլրդ դրամ: Եթե վերածենք այս թիվը դոլարի, կստացվի մոտ 10 միլիոն 288 938.82 դոլար: