կարևոր
655 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-13 12:34
Հասարակություն

Որքան հարկ է վճարել եկեղեցին Փաշինյանի իշխանության օրոք

Որքան հարկ է վճարել եկեղեցին Փաշինյանի իշխանության օրոք

Ազգային ժողովի բարձր ամբիոնից ՔՊ-ական պատգամավորները շարունակում են թիրախավորել Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն: Կաթողիկոսի գործը քննող դատավորի ինքնաբացարկից հետո լավ կլիներ, որ իշխանական պատգամավորները կաթողիկոսին «հանգստի կոչելու» կառավարության «ծրագիրը» տապալելու համար իրենք իրենց հանգստի կոչեին, սակայն նրանք դեռ համառում են:

Ավելին՝ շարունակվում է այն չարչրկված թեման, թե եկեղեցին հարկեր չի վճարում: Մի ժամանակ այդպիսի պնդումներով շատ հայտնի էր ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը, որն ամեն անգամ փոխաբերական իմաստով որևէ տեղ մոմ տեսնելիս հանկարծ հիշում էր, որ Առաքելական եկեղեցին մոմի վաճառքից գոյացած գումարներից պետությանը հարկ չի վճարում:

Որպեսզի այսօրինակ խոսակցություններին վերջակետ դրվի, և հասարակությունը մոլորության մեջ չընկնի, Yerkir.am-ը հարցում է ուղարկել ՊԵԿ՝ պարզելու, թե որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին Փաշինյանի իշխանության օրոք՝ 2018–2025 թվականների ընթացքում: Օգոստոսի 7-ին նաև հրապարակել էինք այլ կրոնական կազմակերպությունների վճարած հարկերի թիվը:

Եվ այսպես՝ ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2018-ին Հայ առաքելական եկեղեցին վճարել է 407,825,203 միլիոն դրամ հարկ ($1,925,187.09 դոլար), 2019-ին՝ 371,621,183.5 միլիոն դրամ ($1,019,703.63 դոլար), 2020-ին՝ 377,284,254.5 միլիոն դրամ ($1,035,242.72 դոլար), 2021-ին՝ 399,015,340.5 միլիոն դրամ ($1,094,871.36 դոլար), 2022-ին՝ 444,717,175 միլիոն դրամ ($1,220,274.13 դոլար), 2023-ին՝ 434,291,306 միլիոն դրամ ($1,191,666.25 դոլար), 2024-ին՝ 627,243,920 միլիոն դրամ ($1,721,115.29 դոլար), իսկ 2025-ին՝ 701,615,925 միլիոն դրամ հարկ ($1,925,187.09 դոլար):

Ստացվում է, որ Հայ առաքելական եկեղեցին վերջին յոթ տարիների ընթացքում յուրաքաչյուր տարի մեկ միլիոն դոլարից պակաս հարկ չի վճարել: 2018-2025 ընթացքում եկեղեցու վճարած հարկերի ընդհանուր հանրագումարը կազմում է 3,763,614,308 մլրդ դրամ: Եթե վերածենք այս թիվը դոլարի, կստացվի մոտ 10 միլիոն 288 938.82 դոլար:

Հույս ունենք, որ այս թիվն էլ չի շահարկվի այն համատեքստում, թե որտեղից եկեղեցուն այսքան գումար: Այնպես որ՝ եկեղեցին հարկեր վճարում է: