կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-08 18:42
Տնտեսական

Հայկական ընկերությունները հարկեր են վճարում Facebook-ի եւ Google-ի փոխարեն

Հայկական ընկերությունները հարկեր են վճարում Facebook-ի եւ Google-ի փոխարեն

2013 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ մտավ 2012 թվականի դեկտեմբերին հապճեպ ընդունված օրենքների փաթեթը, որը հարկային դաշտում խաղի նոր կանոններ էր սահմանում: Այդ փաթեթով փոփոխություն է նախատեսված նաեւ Հայաստանում ոչ ռեզիդենտների շահութահարկի չափի համար, ինչը խնդիրներ է առաջացրել: Այդ կապակցությամբ yerkir.am-ը զրուցեց օնլայն գովազդով զբաղվող IP Marketing ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանի հետ:

 

- Պարո’ն Սուլթանյան, ինչպե՞ս է ոչ ռեզիդենտի շահութահարկը տարածվում Ձեզ վրա:

- Ոչ ռեզիդենտի շահութահարկի միտքն այն է, որ եթե ոչ ռեզիդենտը Հայաստանում որոշակի շահույթ է ստանում, ապա այդ ոչ ռեզիդենտը դրա դիմաց պետք է շահութահարկ վճարի: Մեր ընկերությունը, օրինակ, զբաղվում է ինտերնետ գովազդի պատրաստմամբ եւ տարածմամբ: Օրինակ` մենք պատրաստում ենք գովազդ եւ այն տեղադրում Facebook, Google, Vkontakte եւ այլ կայքերում: Դրա համար մենք այդ կազմակերպություններին վճարում ենք համապատասխան գումար: Բայց այդ գումարների համար, որպես ոչ ռեզիդենտի շահութահարկ, նաեւ մեր հարկային մարմիններին ենք հարկեր վճարում, բացի մեզ համար նախատեսված հարկերից: Մինչեւ անցյալ տարի այդ` ոչ ռեզիդենտի շահութահարկը 10 տոկոս էր կազմում: Իսկ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի փոփոխություններով` այժմ արդեն պետք է վճարենք 20 տոկոս:

 

- Բայց ինչո՞ւ եք դուք ոչ ռեզիդենտի հարկ վճարում, չէ՞ որ Հայաստանը մի շարք երկրների հետ ունի կրկնակի հարկումը բացառող միջպետական համաձայնագրեր, եւ այդ երկրների ռեզիդենտ համարվող ընկերությունների ստացած շահույթի համար տվյալ ընկերությունն ինքն է իր երկրում հարկ վճարում:

- Այստեղ պետք է նշել, որ Հայաստանն ունի այդպիսի միջպետական համաձայնագրեր, օրինակ` Իռլանդիայի հետ, որտեղ հենց գրանցված են Facebook-ի գովազդային պրոցեսինգը կատարող ընկերությունը, Google-ը եւ այլն: Vkontakte-ն գրանցված է ՌԴ-ում, որի հետ էլ այդպիսի համաձայնագիր կա: Օրենքն ասում է, որ, որպեսզի այդ ընկերությունների փոխարեն մենք Հայաստանում շահութահարկ չմուծենք, այդ ընկերությունները պետք է իրենց հարկային մարմնից ներկայացնեն տեղեկանք, որով հավաստում են, որ այդ ընկերություններն ընթացիկ տարվա կտրվածքով հանդիսանում են, ենթադրենք, Իռլանդիայի ռեզիդենտ ու այնտեղ հարկեր են մուծում: Այդ տեղեկանքը մենք արդեն կարող ենք ներկայացնել մեր հարկային մարմիններին ու դրա հիման վրա արդեն ոչ ռեզիդենտի շահութահարկից ազատվել: Իսկ այդպիսի տեղեկանք ստանալը, մեր դեպքում, անհնար է:

 

- Ինչո՞ւ է անհնար…

- Որովհետեւ Facebook, Google, Vkontakte եւ այդ կարգի ընկերությունների հետ տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում անհնար այդպիսի հարաբերություններ ունենալ: Նրանք չունեն այդպիսի պրակտիկա,: Խոշոր պատվերների դեպքում, մասնավորապես, Facebook-ի օրինակով, 10 հազար դոլարի գնումներ կատարելու դեպքում, գուցե այդպիսի տեղեկանք տրամադրեն: Համենայն դեպս, ես չեմ լսել, որ Facebook-ը նման տեղեկանք տա, հավանաբար ոչ էլ տալիս է: Նման ընկերությունները բավականին ծանր են շարժվում, եւ նրանց մոտ ամեն ինչ նախապես պլանավորված ու ավտոմատացված է: Եվ հիմա, երբ մի ինչ-որ փոքր երկրից մի փոքր ընկերություն այդպիսի մի թուղթ է ուզում, նրանք, պարզ է, ոչինչ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ: Ավելին ասեմ` այդ ընկերություների հետ նման հարցեր լուծելու համար կապ հաստատելու որոշակի սխեմա էլ չկա: Նրանց հետ կապ կարող ես հաստատել միայն այն ուղիներով, որ իրենք են սահմանում: Օրինակ` դու խնդիր ունես` գովազդի հետ կապված, այս ձեւով պետք է կապվել, կամ մոդերացիայի հետ կապված խնդիր ունես` այս մյուս ձեւով: Բայց այնտեղ չկա տարբերակ, որ եթե խնդիր ունես հարկային մարմինների հետ, ինչ եղանակով պետք է կապվես իրենց հետ:

 

- Բայց կազմակերպության գրանցման հասցեի միջոցով հնարավոր չէ՞ տարեկան գոնե մեկ անգամ նման թղթաբանական հարցեր լուծել:

- Ես, օրինակ, փորձել եմ այդ եղանակով ինչ-որ հարցեր լուծել: Մանավորապես` Facebook-ին գրել եմ տարբեր ուղղություններով` նամակ էլ եմ գրել, կոնտակտի այն ձեւերը, որ իրենք ունեն, այդպես էլ եմ գրել, ներկայացրել եմ խնդրը, այդ խնդրի լուծման ձեւը, ներկայացրել եմ Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ առկա միջպետական պայմանագիրը, որով բացառվում է կրկնակի հարկումը եւ այլն, բայց մինչ օրս արձագանք չկա: Այսինքն` այդ տիպի ընկերություններից նմանատիպ արձագանք ստանալը գործնականում անհնար է: Արդյունքում նրանց ստացած շահույթի համար մենք ենք հարկվում: Ընդ որում` այդ հարկը ծախսագրման ենթակա չէ: Այսինքն` ես չեմ կարող այդ հարկը, որ նրանց փոխարեն վճարում եմ, ծախսագրել, ու արդյունքում` այն ինձ մոտ շահույթ է դիտվում:

 

-Ձեր մատնանշած խնդիրներն ի՞նչ հետեւանքներ են ունենում Ձեր գործունեության ոլորտի վրա:

- Այս պարագայում ստացվում է, որ լոկալ կազմակերպությունը, գովազդային գործակալությունը կամ ընկերությունը, որը Facebook-ին գովազդ է պատվիրում, նրա փոխարեն այդ 10 տոկոս շահութահարկը պետք է վճարեր: Հետեւաբար` այդ գումարը եւս մտնում էր գովազդի ինքնարժեքի մեջ: Այժմ այդ ոչ ռեզիդենտի շահութահարկը 10-ից դարձել է 20 տոկոս` կրկնակի ավելացել է: Սա նշանակում է, որ մեր գովազդի գները բարձրացան եւս այդքան գումարով` հանկարծակի: Այնինչ, օրինակ, անցյալ տարվանից պլանավորված գործընթացներ կային, պայմանագրեր կային, որ կնքվել էին մեկ տարով` ընկերությունների հետ, որ այսինչ գնով ենք իրականացնելու իրենց գովազդը, քանի որ մեծ ընկերություններն իրենց գովազդային բյուջեները տարվա կտրվածքով են ձեւավորում: Հետեւաբար` մենք այդ ընկերությանը ներկայացրել ենք, որ նույն Facebook-ում գովազդը կանենք ինչ-որ x գնով: Այդ գնի մեջ հաշվի ենք առնում թե’ այն գումարը, որ պետք է վճարել Facebook-ին, թե’ այն գումարը, որ պետք է վճարենք Facebook-ի փոխարեն` որպես ոչ ռեզիդենտի շահութահարկ եւ թե’ որոշակի գումար, որ մնում է գործակալությանը: Անցած տարվա համար այդ շահութահարկը 10 տոկոս էր, հիմա այդ գինը ներկայացնելով պայմանագիր կնքելուց հետո` մենք, փաստորեն, փաստի առջեւ կանգնեցինք, քանի որ ոչ ռեզիդենտի շահութահարկը 10 տոկոսով բարձրացավ, հետուաբար` մեր ինքնարժեքն էլ 10 տոկոսով բարձրացավ: Եվ մեր ակնկալած եկամուտը, բնականաբար, կրճատվեց հարկի ավելացման չափով:

 

-Ի՞նչ արդյունքի է հասցնում այդ ինքնարժեքի ավելացումը:

- Խոշոր հաշվով` արդյունքն այն է, որ գովազդի գինն է թանկանում: Որովհետեւ մենք հիմա ստիպված եւս 10 տոկոսով բարձրացրեցինք գովազդի գները նոր ընկերությունների համար: Այսինքն` փրայսային արժեքը բարձրացավ: Ընդ որում` թանկացավ ոչ թե որովհետեւ գովազդային շուկան բարձրացավ զարգացման նոր մակարդակ, այլ պայմանները, ամեն ինչը մնաց նույնը, բայց արժեքը բարձրացավ: Գովազդը կարող է թանկանալ, եթե շուկան է դա թելադրում, երբ ավելի մեծ աշխուժություն կա, երբ պահանջարկն է մեծ, երբ նոր տեխնոլոգիաներ են ներդրվում: Իսկ ինտերնետ գովազդի շուկան նոր ձեւավորվող շուկա է, իր առաջին քայլերն է անում: Եվ այս պարագայում գովազդի գինը թանկանում է ոչ թե շուկայի զարգացման թելադրանքով, այլ հարկի բարձրացման, սա եւս մեկ խոչընդոտ է մեզ համար:

 

- Ձեր մատնանշած բոլոր իրողությունները ի՞նչ խոչընդոտներ կարող են ստեղծել ձեր բիզնես ոլորտի զարգացման համար:

- Google-ի գովազդի օրինակով ասեմ` ընկերություններ կան, որ Ռուսաստանից ընդունում էին պատվերներ ու Հայաստանից իրականացնում էին այդ գովազդը, որովհետեւ Հայաստանում աշխատուժն էժան է, իսկ Google-ում գովազդ կազմակերպելը մասնագիտական գործունեւության ձեւ է: Գովազդի քլիքի գինն էլ, կապ չունի, թե որ երկրից ես տեղադրում, նույնն է: Երբ Հայաստանից էինք տեղադրում գովազդ` Ռուսաստանի համար, այդ դեպքում առաջանում էր այդ 10 տոկոս շահութահարկ մուծելու անհրաժեշտությունը, բայց դա այդքան շատ չէր խանգարում: Որովհետեւ մարդային ռեսուրսի էժանության շնորհիվ այդ տարբերությունը կոմպենսացվում էր, եւ դեռ մի բան էլ ավելի էր մնում: Հիմա եթե եւս 10 տոկոսով հարկը բարձրանում է, արդեն կոմպենսացիայի մակարդակը փոխվում է: Այսինքն` արդեն կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Ռուսաստանից Հայաստանում կոնտեքստային գովազդ պատվիրելը` աութսորս անելը, ձեռնտու չլինի ռուս գործընկերների համար: Իրենց միանգամից ձեռնտու կլինի տեղում իրականացնել այդ գործառույթները, քանի որ գները հավասարվում են: Իսկ այդ պարագայում էլ ինչո՞ւ պետք է երկրից երկիր թղթաբանություն անել, հետեւել գործընթացի ընթացքին եւ այլն:

 

- Այդ դեպքում որո՞նք են այս հարցերի լուծման` Ձեր պատկերացրած  տարբերակները:

- Հաշվի չի առնվել, որ այսպիսի իրավիճակներ կարող են առաջանալ: Այսինքն` որ միջազգային խոշոր ընկերությունների հետ հայկական մանր ընկերությունները հնարավորություն չունեն տեղեկանքի համար պայմանավորվելու, ու գովազդն իրականացնելիս շահութահարկի բեռն ընկնում է լոկալ ընկերության ուսերին: Ինձ թվում է` կարելի է ինչ-որ կերպ պարզեցնել տեղեկանք ներկայացնելու ընթացակարգը: Գուցե  ինտերնետում կլինեն բաց աղբյուրներ, որտեղ ներկայացված են, թե որ ընկերությունները որ երկրում են գրանցված, ու այդպիսի ինֆորմացիայից օգտվելու դեպքում պարզ կլինի` տվյալ ընկերությունը պե՞տք է շահութահարկով հարկվի, թե՞ ոչ: Այսինքն` օրենքի կիրառման սխեմաները կարելի է ինչ-որ ձեւով պարզեցնել:

 

-Շնորհակալություն, պարո’ն Սուլթանյան, հաջողություն ենք մաղթում Ձեր գործերին:

 

Զրուցեց Գեւորգ ԱՎՉՅԱՆԸ