կարևոր
4873 դիտում, 17 ժամ առաջ - 2026-07-20 11:29
Իրավական

ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը․ ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դնում ահաբեկչության հոդվածների կիրառումը

ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը․ ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դնում ահաբեկչության հոդվածների կիրառումը

Civilnet.am. ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը․ ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դնում ահաբեկչության հոդվածների կիրառումը, Երևանը պաշտպանում է իր դիրքորոշումը:

ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների (mandate holders) միջև պաշտոնական նամակագրությունը, որը վերաբերում է «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա աջակիցների նկատմամբ հարուցված քրեական գործին։ Մանդատակիրները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Հատուկ ընթացակարգերի (Special Procedures) շրջանակում գործող անկախ փորձագետներ և աշխատանքային խմբեր են, որոնց Խորհուրդը հանձնարարում է հետևել կոնկրետ թեմաների կամ երկրների իրավիճակի։

Հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները լուրջ հարցադրումներ են բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ, մինչդեռ Երևանը պնդում է, որ բոլոր գործողությունները կատարվել են օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում։

ՄԱԿ-ի հիմնական մտահոգությունները

ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները կարող էին անհամաչափ ուժ կիրառել 2024 թվականի հունիսի 12-ի բողոքի ակցիայի ընթացքում, ներառյալ ցուցարարների և լրագրողների նկատմամբ, իսկ մեկ տարի անց նույն շարժման ներկայացուցիչների նկատմամբ կիրառված ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման մեղադրանքները կարող էին հանգեցնել հակաահաբեկչական օրենսդրության ոչ պատշաճ օգտագործման։

Փաստաթղթում նշվում է նաև, որ ստացված տեղեկությունների համաձայն՝ քրեական գործի հիմքում ներկայացված ապացույցների զգալի մասը վերաբերում է քաղաքական ընդդիմությանը, քաղաքացիական անհնազանդությանը և բողոքի գործողություններին, մինչդեռ հրապարակված նյութերում չեն երևում բռնության կամ իրական ահաբեկչական գործողությունների հստակ ցուցիչներ։ Նույն փաստաթուղթը հիշատակում է նաև պնդումները, թե իրավապահները հրապարակել են հեռախոսային գաղտնալսումների միայն ընտրովի հատվածներ, իսկ պաշտպաններին չի թույլատրվել հրապարակել իրենց կարծիքով արդարացնող նյութերը։

Թեև հատուկ զեկուցողներն ընդգծում են, որ չեն կանխորոշում այդ տեղեկությունների ճշմարտացիությունը, նրանք նշում են, որ եթե դրանք հաստատվեն, ապա կարող են վկայել Հայաստանի միջազգային պարտավորությունների խախտման մասին։

Ութ հարց Հայաստանի կառավարությանը

ՄԱԿ-ի փորձագետները Հայաստանից պահանջել են պատասխանել ութ առանցքային հարցի։ Դրանք վերաբերում են ոստիկանության ուժի կիրառման օրինականությանը, Բագրատ արք. Գալստանյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ ահաբեկչության հոդվածների կիրառման իրավական հիմքերին, կալանքի և վարչական սահմանափակումների համաչափությանը, արդար դատաքննության երաշխիքներին, ինչպես նաև այն միջոցներին, որոնք Հայաստանը պատրաստվում է ձեռնարկել խաղաղ հավաքների, խոսքի ազատության և քաղաքական մասնակցության հնարավոր քրեականացումը կանխելու համար։

Փաստացի, ՄԱԿ-ը ոչ միայն հետաքրքրվում է կոնկրետ քրեական գործով, այլ նաև հարցականի տակ է դնում, թե արդյոք հակաահաբեկչական օրենսդրությունը չի կիրառվում այնպիսի իրավիճակում, որը կարող է առնչվել քաղաքական ընդդիմության և խաղաղ բողոքի իրավունքին։

Հայաստանի պատասխանը

Իր 31-էջանոց պատասխանով Հայաստանի կառավարությունը հերքում է այդ մտահոգությունները։ Երևանը պնդում է, որ հունիսի 12-ի իրադարձությունները չեն եղել բացառապես խաղաղ ցույց, այլ ներառել են զանգվածային անկարգությունների տարրեր, ոստիկանների վրա տարբեր առարկաների նետում և Ազգային ժողովի հատուկ պահպանվող տարածք ներխուժելու փորձ։ Ըստ կառավարության՝ ոստիկանության կիրառած ուժը եղել է օրինական, անհրաժեշտ և համաչափ, իսկ դրա իրավաչափության վերաբերյալ քրեական քննությունը դեռ շարունակվում է։ Հայաստանի կառավարությունը պնդում է նաև, որ քրեական հետապնդումը որևէ կապ չունի մեղադրյալների քաղաքական կամ կրոնական հայացքների հետ։ Ըստ պատասխանի՝ իրավապահ մարմինները գաղտնի օպերատիվ միջոցառումների և գաղտնալսումների արդյունքում ստացել են տվյալներ, որոնք, իշխանությունների գնահատմամբ, վկայում են ահաբեկչության և իշխանության բռնազավթման նախապատրաստման մասին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում