Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է․
««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակության Արցախ այցն ու կայացած հանդիպումները որոշ լրատվամիջոցներ փորձում են բուռն քննարկման թեմա դարձնել, ինտրիգներ փնտրել կամ դատարկ բաժակում փոթորիկ բարձրացնել:
Ի պատասխան զլմ-ներում հրապարակումների և այդ առթիվ ստացվող բազմաթիվ հեռախոսազանգերի ու ֆեյսբուքյան նամակների՝ ընդգծում եմ, որ ՀՀ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները մեր քույրերն ու եղբայրներն են ու նրանցից յուրաքանչյուրը հավասարապես իրավունք ունի այցելելու մեր հայրենիքի արցախյան հատված, հանդիպելու իր հայրենակիցներին:
Ինչ վերաբերում է պարոն Վանեցյանի՝ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ ԱԺ նախագահի և ԱԽ քարտուղարի հետ ունեցած հանդիպումներին, բացարձակ անընդունելի են ՀՀ ներքաղաքական համատեքստում դրանք մեկնաբանելու փորձերը: Պետք չէ մոռանալ, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը և «Միասնական հայրենիք » կուսակցությունը Արցախում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ միասին ստացել են ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն և երկու քաղաքական ուժերն էլ հայտարարել են ՀՀ իշխանությունների վարած քաղաքական կուրսին աջակցելու մասին: Իսկ Արցախը պետք է վեր կանգնած լինի ՀՀ ներքաղաքական գործընթացներից, և ոչ ոք իրավունք չունի Արցախը ներքաշել այդ վտանգավոր հորձանուտի մեջ:
Հ. Գ. Մեկ կարևոր հավելում ևս: Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ...»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ի հարցմանն ի պատասխան ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ասել էր. «Հանդիպման առաջարկի հետ կապված որևէ մերժում չի եղել նախագահի կողմից: Ընդամենը կա ծանրաբեռնված օրակարգ, այդ օրակարգի ընթացքում, եթե կարողանանք ժամանակ գտնել, անպայման հանդիպումը կայանալու է: Պարոն Վանեցյանի նկատմամբ պարոն նախագահն ունի շատ դրական վերաբերմունք, այս առումով որևէ խնդիր չկա: Բացի դրանից, պարոն Վանեցյանի ղեկավարած պատվիրակությանն արդեն հանդիպել է Խորհրդարանի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարն է ընդունել, այնպես որ, այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել ես ուղղակի անիմաստ եմ համարում»: