Միասին կարող ենք
կարևոր
925 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-16 16:51
Աշխարհ

Նեթանյահուն հայտարարել է Իրանի նկատմամբ հաղթանակի մասին եվ բացառել Լիբանանից դուրս գալու հնարավորությունը

Նեթանյահուն հայտարարել է Իրանի նկատմամբ հաղթանակի մասին եվ բացառել Լիբանանից դուրս գալու հնարավորությունը

«Մենք Իսրայել պետության շուրջ ստեղծեցինք խորը անվտանգության գոտիներ։ Մենք դա արեցինք Գազայում, Լիբանանում և Սիրիայում»,-հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուստատեսային մամուլի ասուլիսում՝ ընդգծելով, որ իսրայելական ուժերը կմնան այդ դիրքերում «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»՝ երկրի անվտանգությունը ապահովելու համար։

The Guardian-ի հաղորդմամբ, Նեթանյահուն իր ելույթում նաև խոսել է Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունների արդյունքների մասին՝ դրանք որակելով որպես ռազմավարական հաղթանակ։

«Եվ ի՞նչ կնշանակեր դա։ Դա կնշանակեր, որ միլիոնավոր իսրայելցի քաղաքացիներ… կլինեին զանգվածային մահվան սարսափելի վտանգի տակ»,-ասել է նա՝ պնդելով, որ Իսրայելը կանխել է այն, ինչ նա անվանում է «միջուկային ոչնչացման» սպառնալիք։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ գործողությունները թույլ են տվել տարիներով հետ մղել այդ վտանգը և էապես փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Նա նաև շեշտել է, որ Իսրայելի անվտանգությունը չի կարող ենթարկվել արտաքին պայմանավորվածություններին, որոնք չեն ներառում երկրի անմիջական մասնակցությունը։

Այս հայտարարությունները հնչում են այն պահին, երբ տարածաշրջանում շարունակվում են լարվածությունները Լիբանանում և քննարկվում է ԱՄՆ-ի ու Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը։ Իսրայելում այն առաջացրել է քաղաքական քննարկումներ և քննադատություններ՝ հատկապես ընդդիմության կողմից, որը պնդում է, թե գործարքը կարող է թուլացնել Իսրայելի դիրքերը։

Այդուհանդերձ, Նեթանյահուն վերահաստատել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ շարունակելու է կոշտ անվտանգության քաղաքականությունը և ընտրություններին մասնակցելով՝ ձգտելու է պահպանել իշխանությունը՝ ներկայացնելով իր քայլերը որպես երկրի գոյության պաշտպանության անհրաժեշտություն։