Փոխարժեքներ
28 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.26 |
EUR | ⚊ | € 412.22 |
RUB | ⚊ | ₽ 4.5265 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 139.95 |
Իրանը չի հրաժարվում Վաշինգտոնի հետ բանակցություններից, սակայն չի պատրաստվում դրանք վարել իր համար ոչ շահավետ պայմաններով։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ոմանք ասում են, որ մենք այլ ընտրություն չունենք, քան ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղան նստելը։ Բայց մենք չէինք էլ պնդում, որ չենք խոսելու։ Մենք միայն ասել ենք, որ չենք պատրաստվում ստորանալ ավազակների առաջ»,-նրա խոսքը մեջբերում է նախագահի մամուլի ծառայությունը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ բանակցությունների տրամաբանությունն իսկ խախտվում է, երբ մի կողմին առաջարկում են վայր դնել զենքը` իմանալով, որ մյուսը ցանկացած պահի կարող է հարված հասցնել:
Նախօրեին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքը չի քննարկելու, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է առավելագույն ճնշման քաղաքականությունը: Նա նաև հստակեցրել էր, որ Լավրովը Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանին ամերիկյան կողմից որևէ ուղերձ չի փոխանցել:
Միջուկային գործարքը (ՀԳՀԾ) կնքվել է 2015 թվականին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի կողմից: Այն ենթադրում էր պատժամիջոցների վերացում` Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց։ Սակայն 2018 թվականին` նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը սկսեց աստիճանաբար կրճատել իր պարտավորությունները` հրաժարվելով մի շարք սահմանափակումներից, այդ թվում` ուրանի հարստացման աստիճանին վերաբերող։
Փետրվարին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է ռազմական գործողություններ վարելու փոխարեն Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել: Նա նշել էր, որ ուզում է հասնել «վերիֆիկացված» միջուկային խաղաղության պայմանագրի, որը Թեհրանին թույլ կտա զարգանալ և բարգավաճել:
Փետրվարի 25-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ Մոսկվան պատրաստ է Թեհրանին օգնել լուծում միջուկային ծրագրի հետ կապված հարցերին։