Միասին կարող ենք
կարևոր
760 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-15 09:59
Աշխարհ

G7-ի առաջնորդները Ֆրանսիայում կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Իրանի և Ուկրաինայի հարցերը։

G7-ի առաջնորդները Ֆրանսիայում կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Իրանի և Ուկրաինայի հարցերը։

G7-ի, Եվրոպական միության և մի շարք այլ պետությունների առաջնորդները հունիսի 15-17-ը ֆրանսիական Էվիան-լե-Բեն քաղաքում կայանալիք G7-ի գագաթնաժողովում կքննարկեն Իրանին, Ուկրաինային վերաբերող հարցեր ինչպես նաև մի շարք այլ հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք interfax.ru-ից։

Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ գագաթնաժողովի ընթացքում եվրոպական երկրները կփորձեն ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման իրենց նախաձեռնությանը։

Գագաթնաժողովի մյուս կարևոր թեմաներից մեկը կարող է լինել Իրանի շուրջ զարգացող իրավիճակը։ Սկզբում բազմաթիվ լրատվամիջոցներ ենթադրում էին, որ Թրամփի տրամադրությունը գագաթնաժողովում կարող է կախված լինել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից։ Միևնույն ժամանակ, որոշ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ նախագահը դեռևս կարող է դժգոհ լինել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից՝ Թեհրանի դեմ վերջերս իրականացված ռազմական գործողությանը չմասնակցելու պատճառով։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել նաև հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործողությունների ծրագիրը, որը մշակվել էր նախորդ տարվա գագաթնաժողովում, ինչպես նաև համաշխարհային տնտեսության անհավասարակշռությունները։ Բացի այդ, Կանադան մտադիր է բարձրացնել արհեստական բանականության կարգավորման հարցը։

Միաժամանակ, գագաթնաժողովում որևէ առանցքային որոշման ընդունում չի ակնկալվում։ Ավելին, արևմտյան լրատվամիջոցների տեղեկություններով, հանդիպման ավարտին G7-ի առաջնորդների համատեղ կոմյունիկե չի հրապարակվի։ Դրա փոխարեն սպասվում են առանձին հայտարարություններ՝ յուրաքանչյուր առաջնորդի կողմից կոնկրետ հարցերի վերաբերյալ։