Միասին կարող ենք
կարևոր
388 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-12 22:24
Հասարակություն

Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի

Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի

Monument Watch. 2026 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանական Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսություն եթեր է արձակել մի ռեպորտաժ՝ նվիրված «Համաշխարհային գրքի և հեղինակային իրավունքի օրվա» կապակցությամբ կազմակերպված «Հին տեքստերն ու դասական աղբյուրները բացահայտում են հայկական կեղծարարություններն ու հորինվածքները» և կամ «Հին Թուրանի, Փոքր Ասիայի տարածքներում գոյություն ունեցած պրոտոթյուրքական ցեղերը և նրանց կապերը Կովկասի հետ» ներկայացումներին, որի մասնակիցներն էին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի, կրթության նախարարության, պետական համալսարանների և մի շարք այլ պետական կառույցների ներկայացուցիչները։ 

Խոսքի հիմնական թեման կապված է Ադրբեջանի պատմության, Ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Ռեպորտաժի վերնագիրն արդեն տալիս է ամբողջ միջոցառման ուղղությունը՝ «Ադրբեջանի նոր պատմության մեջ հայկական ստերին տեղ չկա» (https://www.youtube.com/watch?v=ong6OTcSNog):

Ըստ ելույթ ունեցողների, երկար տարիներ պատմությունը «խեղաթյուրված» է ներկայացվել։ Եվ հիմա Ադրբեջանը պետք է ներկայացնի իր սեփական պատմական մոտեցումը և ավելի ակտիվ խոսի միջազգային հարթակներում։ Խոսքի ընթացքում անդադար օգտագործվում են «պատմական փաստեր», «ճշմարտություն», «կեղծիքների բացահայտում» արտահայտությունները։ Արցախի մասին խոսելիս տարածաշրջանը ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական պատմական տարածք, որ պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, և հիմա, ըստ նրանց, ադրբեջանական հասարակությունը թևակոխել է նոր փուլ։ Հաճախ հիշատակվում են պատերազմը և հետպատերազմյան իրավիճակը։ Խոսվում է նաև մշակութային և կրոնական հուշարձանների մասին։ Խոսողները փորձում են բացատրել, թե ինչպես պետք է ներկայացվի այդ ժառանգությունը և ինչ պատմական մեկնաբանություն պետք է տրվի դրան։

Մի քանի հատվածներում խոսողները անդրադառնում են տեղեկատվական պայքարին։ Նրանք ասում են, որ պետք է գրքեր, հոդվածներ, հետազոտություններ և մեդիա նյութեր ստեղծվեն, որպեսզի ադրբեջանական պատմական մոտեցումը ավելի լայն տարածվի։ Ավարտական հատվածներում կրկին վերադառնում են այն մտքին, թե հիմա Ադրբեջանը մտել է նոր պատմական փուլ, և ըստ խոսողների՝ այդ փուլում պետք է ձևավորվի նոր մոտեցում, որտեղ ադրբեջանական պետական և ազգային մոտեցումը դրվելու է կենտրոնում։

Այս համատեքստում խորհրդանշական է Ադրբեջանի ազգային ժողովի գիտության և կրթության հանձնաժողովի անդամ, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլիի խոսքը, որը ցույց է տալիս խաղաղության բանակցությունների ֆոնին իրականացվող քաղաքականությունն ու մտադրությունները․ «Ադրբեջանի այլևս իր պատմությանն էլ է տեր կանգնում, իր պատմությունը նորից է սովորում, նորից է գրում: Եվ այս պատմության մեջ տեղ չկա հայկական ստերի, հայկական կեղծիքների համար։ Ավելին, այս պատմության և այս աշխարհագրության մեջ ոչ մի հայի համար էլ տեղ չկա» (https://www.facebook.com/share/p/1Fmo67zZyf/):

Նման սեմինարները ցույց են տալիս, որ ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության, գիտական հետազոտությունների և միջազգային ակադեմիական շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ փաստերի հետևողական ժխտումը։ Մասնավորապես խաղաղության բանակցությունների և տարածաշրջանային կայունության մասին քննարկումների ֆոնին նման խոսույթը ոչ միայն խորացնում է փոխադարձ անվստահությունը, այլ նաև մատնում է թշնամական նարատիվները՝ պահպանելով լարվածության մթնոլորտը։