Միասին կարող ենք
կարևոր
910 դիտում, 3 ժամ առաջ - 2026-04-21 15:47
Սպորտ

Հայաստանը ներկայացնող ուշուիստը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանը ներկայացնող  ուշուիստը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Ապրիլի 23-30 Բուլղարիայի Բուրգաս քաղաքում տեղի է ունենալու Ավանդական Ուշուի՝ Թայձիցյուան մրցաձևի աշխարհի 5-րդ առաջնությունը, որին առաջին անգամ կմասնակցի նաև  Հայաստանի Ավանդական Ուշուի ֆեդերացիան։

Թայձիցյուան 42 և Թայձիծյեն 42 (թրով ելույթ) վարժահամալիրներով Հայաստանը կներկայացնի երիտասարդների Եվրոպայի առաջնության ոսկե և արծաթե մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, եվրոպական կարգի մրցավար և մարզիչ Տանյա Հովհաննիսյանը։ Մրցաշարի մրցավարական կազմում կլինի նաև Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Արամ Այդինյանը։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի Հայաստանի ավանդական ուշուի  ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։ 

Թայձիցյուանը ուշուի վարժահամալիրային ոճերից է, որն առանձնանում է շարժումների սահունությամբ և ներդաշնակությամբ։ Թայձիցյուան ոճն ընդգրկվել է այս տարի Դակարում կայանալիք  երիտասարդների օլիմպիական խաղերում: