Միասին կարող ենք
կարևոր
349 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-07 18:45
Հասարակություն

Կրակոցներ՝ Արմավիրի մարզի Շենիկ գյուղում. 1 անձ մահացել է

Կրակոցներ՝ Արմավիրի մարզի Շենիկ գյուղում. 1 անձ մահացել է

Ապրիլի 7-ին՝ ժամը 16․14-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 48-ամյա մի բնակիչ, որը մահացել է։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, ըստ նախնական տվյալների, մեքենան անկանոն վարելու հետ կապված վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նույն համայնքի 41-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ։

«ՆԳՆ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների և ՆԳՆ համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի աշխատակիցների անհետաձգելի օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է 41-ամյա տղամարդու փախուստը հանրապետությունից։ Ոստիկանները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերել և ձերբակալել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 41-ամյա բնակչին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Ձերբակալված անձն ու կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին»,- ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։