Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները:
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը 2015-2016 թթ. կազմել է 5-6 տոկոս:
Համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմում է 167 մլրդ ՀՀ դրամ: Գյուղատնտեսությամբ զբաղվում են 48002 գյուղացիական և ֆերմերային տնտեսություն, գյուղմթերքների վերամշակմամբ և արտադրությամբ՝ 34 կազմակերպություն: Արմավիրի մարզից կառավարություն է ներկայացված ներդրումային ծրագրերից 11-ը գյուղատնտեսության ոլորտին են վերաբերում:
ՀՀ վարչապետի աջակցությամբ Լեռնամերձ համայնքում տեղադրվել են արևային կայաններ, աշխատանք է տարվում մարզի չգազիֆիկացված 9 համայնքում ևս արևային կայաններ տեղադրելու համար դոնորներ գտնելու ուղղությամբ:
Մշակվել են մարզի 97 համայնքի հնգամյա զարգացման ծրագրերը, վերահսկվել են բյուջեների կազմման և կատարման աշխատանքները: 2017 թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախատեսված 1.3 մլրդ ՀՀ դրամի դիմաց համայնքների սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1.1 մլրդ ՀՀ դրամ (84.9 տոկոս)։
Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ վարչապետի հանձնարարականից հետո հատուկ ուշադրություն է դարձվել համայնքների բյուջեներից կատարվող ծախսերի և համայնքային ենթակայության հիմնարկների պահպանության ծախսերի հիմնավորվածության հարցին: Ներկայում վերլուծվում են մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սննդի ծախսերի, հաստիքների, սաների թվի և բյուջեների կատարողականները:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարզի համայնքներում արձանագրվել է 171 աղբավայր, որից պետք է մաքրվեր 130-ը, մնացածը գործող աղբավայրեր էին:
Մայիսի 27-ին ու հուլիսի 29-ին կայացած համապետական շաբաթօրյակների ընթացքում 130 աղբավայրից մաքրվել ու փակվել են 125-ը: Այժմ քննարկվում են համայնքներում աղբահանության կազմակերպման սուբյեկտների ցանկի ընդլայնման, ֆիքսված դրույքաչափի սահմանման և բյուջե մուտքագրվող գումարների հավաքագրման մակարդակի բարձրացման տարբերակները:
Արդեն 7-րդ տարին է՝ մարզը հանրապետությունում միակն է, որտեղ առաջին դասարան հաճախող երեխաների թիվն ամեն տարի նախորդ տարվա համեմատ ավելանում է 150-225-ով:
Ուսումնասիրվել են մարզի դպրոցների շենքային պայմանները, քննարկման փուլում է մինչև 50 աշակերտ ունեցող 5 դպրոցում և 51-100 աշակերտ ունեցող 8 դպրոցում ֆինանսական գործունեության բարելավման և կրթական գործընթացն առավել պատշաճ պայմաններում կազմակերպելու հարցը: ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվել մի քանի դպրոց միավորելու առաջարկություններ: Մարզի առողջապահական հիմնարկների օպտիմալացման խնդիրը ևս ընթացքի մեջ է:
Ենթակառուցվածքների բնագավառում նախատեսվում է իրականացնել շուրջ 5.3 մլրդ ՀՀ դրամի աշխատանքներ, ճանապարհաշինության ոլորտում ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1.3 մլրդ ՀՀ դրամ: Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ Արմավիրի մարզն ակտիվ համագործակցում է մի շարք երկրների տարածքային միավորների հետ՝ ներդրումների ներգրավման և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: Մարզում գերակա խնդիր շարունակում է մնալ զբաղվածության ապահովումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և բնակչության բարեկեցության աճը: