կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-09 14:07
Իրավական

Կրակոցներ` Արմավիրի քրեական հեղինակությունների միջեւ

Կրակոցներ` Արմավիրի քրեական հեղինակությունների միջեւ

Դեկտեմբերի 7-ին` ժամը 17.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին Վաղարշապատի բաժնի հերթապահ մասից հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի բաց կոտրվածքով՝ հրազենային վնասվածքով, հիվանդանոց բուժօգնության է դիմել 1979 թ. ծնված Արայիկ Հ.-ն։

 

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ անհայտ անձը չպարզված հրազենից կրակել է Արայիկ Հ.-ի ոտքին։ Դեկտեմբերի 8-ին` ժամը 17.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Մխիթար Գ.-ն։ Պարզվել է, որ Մխիթար Գ.-ն դեկտեմբերի 7-ին` ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակել է Արայիկ Հ.-ի ոտքին և դեպքի վայրից դիմել փախուստի:

 

Կատարված աշխատանքների շնորհիվ Մխիթար Գ.-ն ներկայացրել է ատրճանակը: Ներկայացված հրազենն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ. 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդ. 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

 

Մխիթար Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

 

Նշենք, որ Մխիթարը եւ Արայիկը քրեական հեղինակություններ են համարվում: