Միասին կարող ենք
կարևոր
997 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-06 19:10
Աշխարհ

ՌԴ-ի և Ուկրաինայի փոխադարձ հարվածները շարունակվել են. կան զոհեր և վիրավորներ

ՌԴ-ի և Ուկրաինայի փոխադարձ հարվածները շարունակվել են. կան զոհեր և վիրավորներ

Մոսկվան և Կիևը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց: Ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Օդեսային, որտեղ կա երեք զոհ, այդ թվում՝ 2,5 տարեկան երեխա և նրա 30-ամյա մայրը: 16 մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Խերսոնում ռուսական գնդակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել: Իսկ Խարկովում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածներից 5 մարդ է վիրավորվել: Եվս 4 մարդ վիրավորվել է Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով:

Ընդհանուր առմամբ, գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է 140 ԱԹՍ:

Ռուսական կողմն էլ հայտնել է Նովոռոսիյսկի, Անապայի, Գելենջիկի և Սոչիի ուղղությամբ ուկրաինական զանգվածային գրոհի մասին: Նովոռոսիյսկում կա 8 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան Նովոռոսիյսկում հարվածել է խողովակաշարային կոնսորցիումի օբյեկտներին՝ «համաշխարհային ածխաջրածնային շուկան անկայունացնելու և եվրոպացի սպառողներին նավթամթերքի մատակարարումը դադարեցնելու համար»։

ՌԴ ՊՆ հայտարարության համաձայն՝ «Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի» օբյեկտները հարձակման են ենթարկվել՝ դրա «ամենախոշոր բաժնետերերին»՝ ԱՄՆ-ի և Ղազախստանի էներգետիկ ընկերություններին «վնաս հասցնելու նպատակով»։

Ուկրաինայի զինված ուժերից էլ հայտնել են, որ Նովոռոսիյսկի նավահանգստում հարված են հասցրել «Ադմիրալ Մակարով» ֆրեգատին, ինչպես նաև Սև ծովում «Սիվաշ» հորատման հարթակին:

Նաև հաղորդվում է, որ Լուգանսկի մարզում հանքից տարհանվել են այն 41 հանքագործները, որոնք ուկրաինական հարվածների պատճառով արգելափակվել էին գետնի տակ: