կարևոր
4387 դիտում, 7 ամիս առաջ - 2024-02-15 19:12
Աշխարհ

ՌԴ-ն հայտնել է, որ Ուկրաինայի կողմից Բելգորոդի հրթիռակոծման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

ՌԴ-ն հայտնել է, որ Ուկրաինայի կողմից Բելգորոդի հրթիռակոծման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրթիռակոծման ժամանակ զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, 18 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում։

«Նախնական տվյալներով՝ Բելգորոդում զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, ևս 18 մարդ վիրավորվել է, որոնցից 5-ը երեխաներ են։ Շտապօգնության խմբերը տուժածներին տեղափոխում են բուժհաստատություններ։ Տրամադրվում է ողջ անհրաժեշտ օգնությունը», – տեղեկացրել է տարածաշրջանի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Բելգորոդի և Բելգորոդի շրջանի օդային տարածությունում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգը 14 օդային թիրախ է խոցել։ Կոտրվել են տարբեր շենքերի ապակիներ, վնասվել են տանիքներ, ավտոմեքենաներ։

Իր հերթին տեղի առողջապահական գերատեսչությունն ավելի ուշ հաղորդել է, որ զոհերի թիվը հասել է 6-ի։ 17 մարդ վիրավոր է։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ հրթիռակոծության հետևանքով վնասվել է առևտրի կենտրոն, որում եղել են մարդիկ։ Հրթիռների բեկորներն ընկել են նաև դպրոցական մարզադաշտի տարածքում։

Ուկրաինայում ավելի վաղ հայտնել էին, որ փետրվարի լույս 15-ի գիշերը Ռուսաստանը հրթիռակոծել է երկրի տարբեր շրջաններ՝ արձակելով 26 հրթիռ, որոնցից 13-ը հնարավոր է եղել խոցել։ Խարկովի մարզի Չուգուև քաղաքում 1 կին է զոհվել, իսկ Լվովում և Զապորոժիեում հայտնել են հարվածների հետևանքով տուժածների մասին։