|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2-ը Երևանում գործող հայտնի քոլեջներից մեկի ուսանողներ են, 1-ը՝ Արաբկիր վարչական շրջանում գործող դպրոցներից մեկի աշակերտ։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
ՆԳՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հրդեհի գործով 3 կասկածյալ կա, բոլորը անչափահասներ են։
«Կասկածյալներն են 14-ամյա Բ. Ն.-ն, 15-ամյա Ե. Ն.-ն և 16-ամյա Վ. Ղ.-ն։ Նրանք ծնողների ներկայությամբ խոստովանել են, որ իրենք միտումնավոր չեն հրկիզել, պարզապես մտել են ներս` կիթառ նվագելու։ Երբ մրսել են, կրակ են վառել, որպեսզի տաքանան, ինչից հետո կրակը մեծ արագությամբ տարածվել է, ու շենքը բռնկվել է»,– գրում է Shamshyan.com-ը։
Հիշեցնենք` մարտի 25–ին` ժամը 19։10–ի սահմաններում, «Կանազ» մշակույթի տան շենքում հրդեհ էր բռնկվել, դեպքի վայր էր մեկնել 12 մարտական հաշվարկ, հարակից շենքերի բնակիչները տարհանվել էին։
Հաջորդ օրը ՔԿ–ն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։