Փաշինյանի աղմկահարույց պահվածքը մետրոյում արցախցի Արմինե Մոսիյանի նկատմամբ մեծ արձագանք է գտել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Yerkir.am-ը վեր է հանել այն հրապարակումները, որոնք տեղ են գտել ռուսական լրատվամիջոցներում։
Թեմային անդրադարձել է «ՌԻԱ Նովոստի» ռուսական լրատվական գործակալությունը։ «Փաշինյանը մետրոյում բղավեց մի կնոջ վրա, որը տարհանվել էր Ղարաբաղից» վերտառությամբ հոդվածում լրատվամիջոցը մանրամասն նկարագրում է․
«Փաշինյանը մետրոյով իր ուղևորությունն ուղիղ եթերում հեռարձակում էր իր սոցցանցերում։ Գնացք նստելուց հետո նա երեխային առաջարկեց հայկական ԽՍՀ քարտեզով՝ առանց Ղարաբաղի կրծքանշան, որը նա անվանում է «Իրական Հայաստան»։ Սակայն երեխայի մայրը պնդեց, որ նրանք տեղափոխվել են Ղարաբաղից և ունեն այլ քարտեզ։ Կինը խնդրեց չխանգարել իրեն։ «Դուք թույլ չտվեցիք, որ մենք ապրենք Արցախում, բայց դուք չեք կարող արգելել մեզ հույսեր ունենալուց՝ վերադառնալ Արցախ... Մենք շտապում ենք շախմատի մրցաշարի, հակառակ դեպքում մենք կիջնեինք, երբ տեսանք ձեզ։ Խնդրում եմ, մի շարունակեք», - ասաց ուղևորը։ Սակայն Փաշինյանը պատասխանեց, որ կշարունակի վեճը և բարձր ձայնով հայտարարեց, որ կնոջ որդին կապրի այն Հայաստանի սահմաններում, որի քարտեզը նա ցույց էր տալիս»։
«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ վարչապետի պահվածքը բուռն արձագանք է առաջացրել սոցցանցերում։ Օգտատերերը նրա պահվածքն ու հռետորաբանությունը երեխայի ներկայությամբ անհարիր են համարել։
Թեմային անդրադարձել է նաև vesti.ru լրատվական կայքը։ «Փաշինյանը ներողություն խնդրեց այն կնոջից, որը մեղադրեց իրեն Ղարաբաղը հանձնելու մեջ» վերտառությամբ նյութում կայքը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ներողություն խնդրեց այն կնոջից և նրա որդուց, որոնց վրա նա բարձրացրեց իր ձայնը մետրոյում՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղը հանձնելու մեղադրանքների։ Նա առաջարկեց անձամբ հանդիպել նրանց հետ։ Քաղաքական գործիչը ներողություն խնդրեց իր Ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում (Facebook-ը պատկանում է «Մետա» կորպորացիային, որը համարվում է ծայրահեղական և որի գործունեությունն արգելված է Ռուսաստանում)։ Փաշինյանը նաև խոստովանեց, որ իր մտքերը արտահայտել է «անպատշաճ ժեստերով, տոնով և դեմքի արտահայտությամբ»»,-գրում է vesti.ru-ն։
Թեմային ադնրադարձել են նաև՝ lenta.ru-ն, vedomosti.ru-ն, ՏԱՍՍ-ը, gazeta.ru-ն, kommersant-ը, «Իզվեստիան», regnum.ru-ն և այլ լրատվամիջոցներ։
Հերմինե Զեյնալյան