կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 16:10
Տարածաշրջան

Միջազգային մամուլն անդրադարձել է Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին

Միջազգային մամուլն անդրադարձել է Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին

Միջազգային մամուլը անդրադարձել է երեկ` մարտի 31-ին, Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում Էրդողանի տարած հաղթանակին և խոշոր քաղաքներում պարտությանը:

Ֆրանսիայում հրատարկվող Le Monde պարբերականը նշում է, որ Անկարայում պարտությունը և Ստամբուլում արդեն նշմարվող պարտությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի համար մեծ հարված է. հաղորդում է artigercek.com կայքը:

Ըստ բրիտանական Guardian-ի` այս ընտրությունները Էրդողանի 16-ամյա իշխանության համար վերածվել են հանրաքվեի և ցույց տվել, որ ժողովրդի աջակցությունը նվազում է: «Արդյունքները նշմարում են 2002 թվականին ԱԶԿ իշխանության գալուց ի վեր առաջին լուրջ պարտությունը: Ընդդիմության հույսերը` իր կողմը գրավել գործազրկությունից և ճգնաժամից դժգոհ ընտրողներին, արդարացան»:

Financial Times պարբերականը գրում է, որ իշխանությունը կարող է հանգիստ լինել, քանի որ նրանց դաշինքը հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն, սակայն քաղաքներում պարտվելը նշանակում է կորցնել շահավետ գործարքներ կատարելու և քաղաքների աջակցությունը ստանալու հնարավորությունը:

Գերմանական Stuttgarter Nachrichten թերթը նշում է, «որ հաղթանակին սովոր Էրդողանի կուսակցությունը մինչ օրս գոյակցում էր Թուրքիայում աճող բարօրության հետ: Սակայն կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններին գործազրկությունից, ճգնաժամից, լիրայի արժեզրկումից դժգոհ ընտրողները նախընտրեցին տանը մնալ կամ քվեարկել հակառակորդ կուսակցության օգտին»: