կարևոր
850 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-24 09:14
Հասարակություն

Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն. «Ժողովուրդ»

Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սևանի բժշկական կենտրոնի կասեցված լիազորություններով տնօրեն Արամ Նիկողոսյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և իր ընկեր՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ փետրվարի 16-ին մասնակցել է հիվանդանոցի ԿՏ-ի կաբինետի բացման արարողությանը, այն դեպքում, երբ Նիկողոսյանի լիազորությունները փետրվարի 6-ի դրությամբ արդեն հենց նույն նախարարի հրամանով դադարեցված են՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պահանջով։

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ «Արամ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել իրեն վստահված խոշոր չափերով գույքի հափշտակության և խմբի կազմում փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով։ Նրա պաշտոնավարումը կասեցված է փետրվարի 6-ից՝ Կոմիտեի պահանջով»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենը նաև աշխատանքի է ընդունել իր հարազատին, ով աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատավարձ։

Հավելենք, որ խմբագրության տրամադրության տակ է հայտնվել նաև Նիկողոսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը (տես փաստաթուղթը)։

Պաշտոնական միջոցառում՝ կասեցված տնօրենի մասնակցությամբ

Սակայն ստեղծված իրավիճակում առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Մինչ իրավապահ գործընթացները դեռ ընթացքի մեջ են, և տնօրենի լիազորությունները կասեցված են, նույն Նիկողոսյանը մասնակցել է Սևանի բժշկական կենտրոնում նոր համակարգչային շերտագրման (ԿՏ) կաբինետի բացման պաշտոնական արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ոլորտի պատասխանատուներ և հյուրեր։ Ավելին՝ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բացման խոսքով հանդես է եկել հենց Արամ Նիկողոսյանը՝ ներկայացնելով ծրագրի կարևորությունն ու դրա ազդեցությունը բժշկական ծառայությունների որակի վրա։

Ո՞վ է պատասխանատու վերահսկողության համար

Ստացվում է հակասական և անօրինական գործունեություն։ Մի կողմից՝ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող և պաշտոնավարումը կասեցված ղեկավարը մասնակցում է իրավապահ նախարարի այցին և պետական բարձր մակարդակի միջոցառմանը՝ ներկայանալով որպես գործող տնօրեն։

Հատկանշական է նաև, որ Արամ Նիկողոսյանը համարվում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը։ Սա լրացուցիչ հարցեր է առաջացնում՝ ինչու է մարզային իշխանությունը թույլ տվել կասեցված լիազորություններով տնօրենին մասնակցել պաշտոնական միջոցառմանը։ Ասել, որ տեղյակ չեն եղել, նշանակում է ոչինչ չասել։ Ստացվում է՝ մարզպետի ընկեր լինելը արդեն բավարար է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանի հրահանգները չկատարելու համար։

Ամեն դեպքում, ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմել է և մարզպետ Սարգսյանին, և Հակակոռուպցիոն կոմիտեին՝ պարզելու, թե ինչպես է կասեցված լիազորություններով տնօրենը ներկայանում իբրև տնօրեն և բացում իրականացնում, սակայն դեռևս պատասխան չունենք»։