կարևոր
2275 դիտում, 1 օր առաջ - 2026-01-05 16:33
Աշխարհ

Կուբայում սուգ է հայտարարվել Մադուրոյի պաշտպանության ժամանակ 32 կուբացու զոհվելու կապակցությամբ

Կուբայում սուգ է հայտարարվել Մադուրոյի պաշտպանության ժամանակ 32 կուբացու զոհվելու կապակցությամբ

Վենեսուելայում ամերիկյան ուժերի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողությունների ժամանակ սպանվել է Կուբայի 32 քաղաքացի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կուբայի կառավարությունը։

«ԱՄՆ կառավարության կողմից նախապատրաստված հանցավոր հարձակման հետևանքով․․․ մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 32 կուբացի, որոնք հարավամերիկյան երկրի գործընկերների խնդրանքով իրենց առաքելությունն էին կատարում Հեղափոխական զինված ուժերի և Ներքին գործերի նախարարության անունից»,- ասվում է Կուբայի կառավարության «Ֆեյսբուք»-ի էջում արված գրառման մեջ։

Կառավարության որոշմամբ՝ Կուբայում հունվարի 5-ին և 6-ին սգո օրեր են հռչակվել՝ ի հիշատակ զոհվածների։

Կուբայի նախագահ Միգել Դիաս Քանելը X-ի գրառման մեջ դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները՝ անվանելով դրանք «պետական ահաբեկչություն Վենեսուելայի քաջ ժողովրդի և մեր Ամերիկայի դեմ»։

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ի գիշերը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Նրանց տեղափոխել են ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ զույգը կանգնելու է դատարանի առաջ թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, կոկաինի ներմուծման, զենքի ապօրինի պահման մեղադրանքներով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։