Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:
Գայանե Աբրահամյանը երախտագիտություն է հայտնել Չեխիային միջազգային տարբեր կառույցներում Հայաստանի համար կարեւոր հարցերում աջակցության համար: Նա մասնավորապես բարձր է գնահատել 2017թ. Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը` հույս հայտնելով, որ խորհրդարանի Վերին պալատը եւս կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ երկրների կողմից վավերացման գործընթացի մասին՝ խմբի ղեկավարն արժեւորել է այն քայլերը, որոնք Չեխիայի խորհրդարանն իրականացրել է այդ ուղղությամբ:
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդան նույնպես կարեւորել է հայ-չեխական խորհրդարանական համագործակցության խորացումը, խոսել Չեխիայում հայ համայնքի ակտիվ գործունեությունից:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ Մարեկ Բենդան հույս է հայտնել, որ խնդիրը մոտ ապագայում կլուծվի խաղաղ ճանապարհով:
ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Արման Եղոյանը, խոսելով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության մասին, կարեւոր է համարել այս հարցում ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը: Պատգամավորը հույս է հայտնել, որ Չեխիան դրական եւ կառուցողական դիրքորոշում կունենա: Արման Եղոյանը հրավիրել է չեխ խորհրդարանականներին՝ մասնակցելու այս տարվա օգոստոսի 6-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունենալիք համահայկական խաղերի բացմանը: