|
Փոխարժեքներ
15 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխական «պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով։ Այս անգամ թիրախում է Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։
Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրում է infocom.am-ի՝ «Իջեւան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել անդամներին փոխկապակցված ընկերություններից» հրապարակումը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ ըստ հրապարակման մեջ շրջանառվող տեղեկատվության՝ Իջեւանի համայնքապետարանը 2022-2025 թվականներին 193 մլն ՀՀ դրամի գնման պայմանագրեր է կնքել համայնքի ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հոր` «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:
Համայնքապետարանը նույն ժամանակահատվածում եւս 79.8 մլն ՀՀ դրամի գնման պայմանագրեր է կնքել համայնքի ավագանու մեկ այլ անդամի՝ Խաչատուր Համզյանի հետ փոխկապակցված «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ու «Փառանձեմ Նազինյան» անհատ ձեռնարկատիրոջ հետ: Բացի դրանից, համայնքապետարանը 2024 թվականին համայնքի ավագանու անդամ Նաիրի Ջանվելյանի հետ՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, կնքել է աշխատանքների ձեռքբերման պայմանագիր՝ 980 000 ՀՀ դրամ արժեքով:
Հրապարակման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է համալիր ուսումնասիրություն՝ քննարկված բոլոր դրվագներով: Հանձնաժողովը հրապարակման առարկան ուսումնասիրել է իրականացված գնումների ընթացակարգերի եւ համայնքի ղեկավարի շահերի բախման կարգավորումների համատեքստում: Հանձնաժողովն իրեն հասանելի տեղեկատվական աղբյուրների, գնումների տեղեկագրի տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ Արթուր Ճաղարյանը` որպես համայնքի ղեկավար եւ պատվիրատուի ղեկավար, 2022-2024 թվականներին համայնքի կարիքների համար շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել է գնման չորս պայմանագիր: Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի եւ համայնքի ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի միջեւ, նույն կուսակցության անդամ լինելու հիմքով, առկա է քաղաքական կապ: Միեւնույն ժամանակ, Խաչատուր Աթաբեկյանը անձնական հարաբերություններով է կապված «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ մասնակից եւ գործադիր մարմնի ղեկավար Արթուր Աթաբեկյանի հետ: Այդուհանդերձ, հաշվի առնելով պայմանագրերի կնքման ժամկետները, վարչական տույժ նշանակելու հիմքերը բացակայել են:
Հրապարակման մեկ այլ դրվագի ուսումնասիրությամբ, Հանձնաժողովը պարզել է, որ Արթուր Ճաղարյանը` որպես համայնքի ղեկավար եւ պատվիրատուի ղեկավար, 2022 թվականին եւ 2024 թվականին համայնքի կարիքների համար հիմնանորոգման աշխատանքների եւ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել է երեք գնման պայմանագիր: Արթուր Ճաղարյանի եւ Իջեւան համայնքի ավագանու անդամ Խաչատուր Համզյանի միջեւ առկա են քաղաքական հարաբերություններ՝ նույն կուսակցության անդամ լինելու հիմքով: Պայմանագրերի կնքման ժամանակահատվածում Խաչատուր Համզյանը հանդիսացել է «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը: Կնքված մեկ պայմանագրի դեպքում վերջինս հանդիսացել է նաեւ ընկերության միակ մասնակիցը:
Հրապարակման վերջին դրվագով պարզվել է, որ Արթուր Ճաղարյանը 2024 թվականին ծառայության գնման պայմանագիր է կնքել նաեւ Իջեւան համայնքի ավագանու անդամ Նաիրի Ջանվելյանի հետ: Վերջիններիս միջեւ եւս առկա է քաղաքական կապ՝ նույն կուսակցության անդամ լինելու հիմքով:
Նախքան «Հանրային ծառայության մասին» օրենքում 2022 թվականի դեկտեմբերի 7-ին կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը՝ 2023 թվականի հունվարի 2-ի , պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված անձանց շրջանակը հիմնականում ներառում էր պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական կամ խնամիական կապերով կապված անձանց: Այդ համատեքստում, նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ կնքված պայմանագրերի մասով, շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողով գրավոր հայտարարություն ներկայացնելու պարտավորություն չի ունեցել:
Ելնելով վերոգրյալից՝ Արթուր Ճաղարյանն ունեցել է պարտավորություն՝ «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ «Նաիրի Ջանվելյան» Ա/Ձ-ի հետ մեկական պայմանագրերի կնքման շրջանակում Հանձնաժողով ներկայացնել շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն, ինչը, սակայն, չի կատարվել: Շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելու հիմքով՝ Արթուր Ճաղարյանի նկատմամբ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ, եւ կիրառվել է վարչական տույժ՝ 300 հազար դրամ»։