կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-22 17:00
Առանց Կատեգորիա

Մի՞թե Սուրբ Էջմիածինը Թուրքիայում մնացած կալվածքներ չունի

Մի՞թե Սուրբ Էջմիածինը Թուրքիայում մնացած կալվածքներ չունի

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Երևանում կայացած Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի ընթացքում հայտարարել է, որ այս տարի դիմելու են Թուրքիայի Սահմանադրական դատարան` կաթողիկոսության Սիսի նստավայրը և նրան պատկանող կալվածքները վերադարձնելու պահանջով: Անկարայից մերժում ստանալու դեպքում կաթողիկոսությունը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

Արամ Ա կաթողիկոսը, փաստորեն, հայտարարել է Թուրքիայից նյութական ու տարածքային հատուցման պաշտոնական և, ըստ էության, միջազգային մասշտաբ ընդգրկող պրոցես սկսելու մասին, ինչն աննախադեպ քայլ է հայոց պահանջատիրության անցած ողջ 100 տարիների կտրվածքով: Ինչպես պարզաբանել է կաթողիկոսը, անցած երկու տարիներին աշխատանքներ են տարվել այդ պահանջների իրավական հիմքերն ապահովելու համար:

 

Եթե առաջիկայում կաթողիկոսությունը դիմի Թուրքիայի արդարադատությանը, ապա Ցեղասպանության 100-ամյա տարելիցը զուտ ոգեկոչման և հիշատակության արարողակարգից կարող է տեղափոխվել հատուցման պահանջի իրավունքի իրացման իրավաքաղաքական գործընթացի շրջանակ, որից համառորեն փորձում է խուսանավել Անկարան, և որը, ըստ էության, դատական կարգով Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հասնելու յուրօրինակ քայլ է:

 

Կաթողիկոսության ներկայացվելիք հայցադիմումը ՄԻԵԴ-ի կողմից բավարարվելու պարագայում պահանջատիրությունը ոչ միայն զուտ բարոյական կամ քաղաքական, այլև իրավական լուրջ բազա է ունենալու, որն ահռելի ճնշում է լինելու ճանաչումն այս կամ այն պատճառաբանությամբ մերժող պետությունների նկատմամբ: Սակայն եթե կաթողիկոսության հայցադիմումը բավարար իրավական հիմնավորվածություն չունենա, ապա մեծ է լինելու ՄԻԵԴ-ում դրա տապալման հավանականությունը, հատկապես` եթե հաշվի առնենք, որ Թուրքիան ձեռքերը ծալած չի նստելու:

 

Դա հզոր խաղաթուղթ կլինի Անկարայի ձեռքում` «հիմնավորելու» Ցեղասպանության ժխտման իր դիրքորոշումը, և ուժեղ գործիք կդառնա Ցեղասպանության միջազգային ճանաչման պրոցեսը կասեցնելու գործում: Հետևաբար, դժվար է հավատալ, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կարող է հանդես գալ նման հավակնոտ հայտարարությամբ` առանց դրա հետևանքները մինչև վերջ հաշվարկած լինելու:

 

Իրականում եկեղեցապատկան հարստությունների ու կալվածքների վերադարձման նախաձեռնությունը միայն Արամ Ա կաթողիկոսին կամ Կիլիկիո հայոց կաթողիկոսությանը չի պատկանում: Նախորդ տարի այդ խնդիրը բարձրացվեց հայոց երկու կաթողիկոսությունների, այսինքն` նաև Սուրբ Էջմիածնի կողմից, երբ Թուրքիային ուղղված համատեղ հայտարարությամբ հանդես եկան Արամ Ա և Գարեգին Բ կաթողիկոսները: Նրանք Թուրքիայից պահանջում էին նախ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների, մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց, ինչպես նաև «անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավահաջորդ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները»:

 

Եվ չնայած թվում էր, թե կալվածքներն ստանալու դատաիրավական գործընթաց սկսելուն Ս. Էջմիածինը ևս պետք է մասնակցեր, դա, փաստորեն, տեղի չի ունենում, ինչը պահանջատիրության միասնականության խաթարման դրսևորում է: Չի բացառվում, սակայն, որ սա պայմանավորված է տակտիկական նկատառումներով: Նախ` Կիլիկիայի կաթողիկոսության կողմից միակողմանի հայց ներկայացնելը, այն էլ միայն Սիսի նստավայրի ու դրա կալվածքների մասով, հնարավորություն է տալիս գործադրել փուլային պայքարի մեթոդը, որտեղ այս գործը նախադեպային նշանակություն է ունենալու: Եթե նույնիսկ նախաձեռնությունը տապալվի, ապա դեռ հնարավորություն կլինի պահանջները վերաձևակերպելու և կրկին ներկայացնելու` արդեն Ս. Էջմիածնի կողմից` հաշվի առնելով պահանջը չբավարարելու համար Եվրադատարանի կողմից բերվելիք բոլոր փաստարկները, առաջին փորձի ժամանակ թույլ տրված սխալները: Իսկ հաջողելու դեպքում ՄԻԵԴ-ն ինքը նախադեպ կունենա` բավարարելու նաև Ս. Էջմիածնի պահանջները: Մյուս կողմից` Անկարայի ընկալմամբ Արամ Ա-ն և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մարմնավորում են պահանջատեր Սփյուռքը, որի դեմ Թուրքիան քաղաքական լծակներ չունի: Իսկ ահա Ս. Էջմիածինը`հիմնականում Հայաստան պետությունը` հաշվի առնելով նստավայրը Հայաստանում գտնվելու և կաթողիկոսության` իշխանությունների հետ առավել քան սերտ հարաբերություններ ունենալու իրողությունը: Եթե նախաձեռնությունը ցուցաբերվեր երկու կաթողիկոսների կողմից համատեղ, Թուրքիան դա կարող էր առիթ դարձնել Հայաստանին մեղադրելու իր նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մեջ: Դրա նախադեպը կա:

 

Նախորդ տարի նյութական և տարածքային փոխհատուցման խնդիրը բարձրացրեց այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` Երևանում կայացած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» համաժողովի շրջանակներում: Հիշեցնենք` այն ժամանակ Հովսեփյանը բառացիորեն ասել էր, թե, իր համոզմամբ, Ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, իսկ Հայաստանը պետք է ստանա իր կորցրած տարածքները:

 

Թուրքիայի արտգործնախարարությունն անմիջապես արձագանքել էր դրան` հայտարարելով, թե Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունն արտացոլում է Թուրքիայի տարածքային ամբողջականության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխող շրջանների դիրքորոշումը. «Բոլորը պետք է հասկանան՝ որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի»,- հայտարարել էր Թուրքիայի ԱԳՆ-ն:

 

Այս կոշտ արձագանքը հայկական կողմին կարող էր դրդել որոշակի զգուշավորության, մանավանդ, որ, օրակարգից չհանելով հայ-թուրքական այդ չարաբաստիկ արձանագրությունները, պաշտոնական Երևանը չի հրաժարվում դրա շրջանակում մերձեցման քաղաքականությունը շարունակելու փորձերից: Եվ դա` նույնիսկ հայկական Քեսաբի հայաթափումն ու ավերումը Թուրքիայի կողմից հովանավորելուց, հիմա էլ արդեն Անկարայի ֆինանսական աջակցությունից օգտվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձեռքերով Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին` Հայոց ցեղասպանության խորհուրդը կրող այդ սրբատեղին վայրենաբար պայթեցնելուց հետո: Իսկ գուցե նման կեցվածքի իրական պատճառը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Էրդողանին Երևանում անպայման տեսնելու ակնկալի՞քն է...

 

Գևորգ Դարբինյան