կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-12 12:44
Տնտեսական

Ի՞նչ է իրականում կատարվում «Էյր Արմենիա»-ի շուրջ

Ի՞նչ է իրականում կատարվում «Էյր Արմենիա»-ի շուրջ

Օրերս ռուսական «Ռոսգոսկորպորացիա»-ն հայտարարություն էր տարածել, թե սեպտեմբերի 21-ին «Էյր Արմենիա» ավիաընկերության չվերթերը դեպի Ռուսաստանի Դաշնություն իրականացվել չեն կարող պարտքերի չմարման պատճառով: «Էյր Արմենիա» ավիաընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանն այսօր լրագրողներին հայտնեց, թե խնդիրն այն է, որ այն, ինչ կարող է տեղի ունենալ 11 օր հետո, արդեն հրապարակվում է հիմա ու հանրությանը:

 

«Սովորաբար, գրվում է նամակ, որը մենք ստացել ենք: Այդ նամակին տրվում է պատասխան, կամ մենք կատարում ենք վճարումը, որից հետո չվերթերն անխափան իրականանում են, ինչը եւ տեղի կունենա այս անգամ եւս»,- նշեց Ավետիսյանը` մանրամասն ներկայացնելով ստեղծված իրավիճակը:

 

Ըստ նրա` ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների պատճառով «Էյր Արմենիա» ավիաընկերությունը խնդիրներ է ունեցել ռուսական ընկերություններին կատարելիք վճարումների կապակցությամբ, քանի որ որոշ ռուսական կազմակերպությունների բանկեր գտնվում էին պատժամիջոցների ներքո: Այդ իսկ պատճառով «Էյր Արմենիա»-ն բանակցել է «Ռոսգոսկորպորացիայի» հետ, եւ եկել են համաձայնության, որ վճարումներն այսուհետ պետք է իրականացվեն ռուսական ռուբլով: Մի քանի վճարումներից հետո, սակայն, հաջորդ 107 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլին, որը պետք է վճարվեր Ռուսաստանի աերոնավիգացիոն ծախսերի համար, հայկական ընկերությունը չի կարողանում կատարել, նույնիսկ` ռուսական ռուբլով,  քանի որ «ՍՆԲ» բանկը գտնվում է սանկցիաների ներքո: Սույն թվականի սեպտեմբերի 8-ին սրա մասին «Էյր Արմենիա»-ն տեղեկացրել է «Ռոսգոսկորպորացիա»-ին' խնդրելով իրենց ներկայացնել այլ հաշվեհամար, որով վճարումներն անխափան կհասնեն տեղ: Սեպտեմբերի 11-ին ստացվել է պատասխան «Ռոսգոսկորպորացիայի» գլխավոր տնօրենի կողմից, որ «Էյր Արմենիա»-ի ժամկետանց պարտքը, որի ընդհանուր չափը կազմում է մոտ 405 հազար 976 ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլի, կարող են վճարել ռուսական «ՎՏԲ» բանկին, որը  սանկցիաների ներքո չի գտնվում:

 

«Բնականաբար, մենք այդ վճարումները կիրականացնենք եւ չվերթերն անխափան կշարունակվեն»,- հավաստիացրեց «Էյր Արմենիա»-ի գործադիր տնօրենը' հավելելով, որ իրենց համար զարմանալի է, թե ինչու է «Ռոսգոսկորպորացիան» հրապարակել նման հայտարարություն:

 

«Ճիշտն ասած, մենք ունենք համապատասխան համագործակցություն` արդեն շուրջ 11 տարի աշխատում ենք միասին ու, այսպիսի գրագրություններ  մեզ մոտ ամեն երկու ամիսը մեկ տեղի են ունենում, սակայն այս անգամ «Ռոսգոսկորպորացիան», չգիտես` ինչու, այդ կոմերցիոն խնդիրը դրեց հանրության առջեւ»,- իր զարմանքը հայտնեց Արսեն Ավետիսյանը:

 

Այս հայտարարությունը, նշեց բանախոսը, իհարկե, վնաս կպատճառի ընկերությանը: Վնասներն ընկերությունում կհաշվեն ավելի ուշ:

 

«Իրականում լինելու են վնասներ, իրականում ռուսական շուկայում արդեն կան ուղեւորներ, ովքեր սկսել են զանգել գործակալություններ եւ տոմսերի վերադարձի վերաբերյալ հայտեր ներկայացրել, կան, որ արդեն հրաժարվում են տոմսեր ձեռք բերել «Էյր Արմենիայի» թռիչքների համար: Համոզված եմ, որ այդ խնդիրները մենք կլուծենք, բայց որոշակի վնասներ կունենանք: Եթե սա եղել է կանխամտածված միտում, ապա ինչ-որ չափով այդ միտումն արդարացրել է իրեն»,- ասաց Արսեն Ավետիսյանը:

 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել նման վարվելակերպը, ինչին Արսեն Ավետիսյանը պատասխանեց, թե չի ուզում խոսել ենթադրություններով, բայց հիշեցրեց որոշակի հետաքրքիր դեպքեր:

 

«Սկսեմ անցյալ տարվանից` «Էյր Արմենիա»-ի կանոնավոր թռիչքները դեպի ՌԴ պետք է իրականացվեին օգոստոսի 18-ից: Մենք երթուղիների շահագործման մեր նշանակումները ունեցել ենք դեռեւս հունիս ամսին, եւ մեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը ՌԴ դեսպանատան միջոցով դեռեւս հունիսին հարցում է ուղղել ՌԴ տրանսպորտի նախարարություն: Սակայն չգիտես« թե ինչու, կիրառվեց մաքսիմալ հնարավոր ժամկետը, այսինքն' տվյալ նշանակումները ստացվել են 45 օր հետո, ինչը մեզ հնարավորություն չտվեց անցյալ տարի թռիչքներ իրականացնել օգոստոսի 18-ից, այլ սկսեցինք հոկտեմբերի 22-ից: Արդյոք դա պատահականությո՞ւն էր, թե՞ ոչ, չգիտեմ, բայց կարծում եմ, որ մեր մրցակիցներին այնքան էլ ձեռնտու չէր, որ մենք օգոստոսի 18-ին' բարձր սեզոնայնության ժամանակ, սկսեինք իրականացնել թռիչքները: Սա ենթադրություն է, իհարկե, կարող է լինել զուգադիպություն»,- պատմեց Արսեն Ավետիսյանը:

 

Լրագրողներն հետաքրքրվեցին, թե կարելի՞ է արդյոք ենթադրել, որ «Ռոսգոսկորպորացիան» ռուսական ավիաընկերությունների պատվերն է կատարում: «Էյր Արմենիա»-ի տնօրենը պատասխանեց, որ իրենց մրցակիցներից շատերը հույս ունեին, որ «Արմավիայի» թռիչքները դադարեցնելուց հետո Հայաստանում մոտ ապագայում չի լինի ավիափոխադրող, ինչը հնարավորություն կտար նրանց լիովին տիրելու շուկային: Սակայն «Էյր Արմենիա» ավիաընկերությունը մտավ շուկա, սկսեց իրականացնել թռիչքներ:

 

«Կարծում եմ' վատ չենք մտել շուկա: Եթե մեզ լուրջ չվերաբերվեն, այսպիսի քայլեր չէին անի»,- նշեց բանախոսը: