Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, երբ ամբողջ աշխարհը ուշադրությունը սևեռվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, Կ.Պոլսի ոստիկանության կատարած գործողության ժամանակ ձերբակալվում են այնպիսի մարդիկ, ինչը ոչ միայն զարմանք է առաջացնում, այլ նաև մտածելու տեղիք տալիս:
Պատահական չէ, չէ՞, երբ Թուրքիան խոստանում է Հայաստանի հետ սահմանը բացել, ակնարկում արցախյան 7 «օկուպացված» շրջաններից 2-ը իր եղբայր Ադրբեջանին հանձնելու մասին, բայց, միևնույն ժամանակ, բանտարկում նույն «եղբոր» քաղաքացի, թուրք հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսնուն` Ռեզա Զարրաբին, ով գլխավորում էր «մեծ կաշառակերության» ցուցակը, առավել ևս, երբ երկրի կառավարության ներկայացուցիչների, նրանց որդիների, գործարարների, նույնիսկ վարչապետ Էրդողանի և նրա որդիների անուններն այդ ցուցակում եւս տեղ գտան:
Պատահական չէ, չէ՞, որ թուրք նախարարները իրենց որդիների ձերբակալությունից անմիջապես հետո հրաժարականներ ներկայացրեցին, կամ Էրդողանը, ով Գեզի այգու դեպքերի ժամանակ գովաբանում էր թուրք ոստիկանությանը, հանկարծ դեմ դուրս եկավ նրանց և որդուն փախցրեց արտասահման` պատճառաբանելով, թե, որդուն օգտագործելով, փորձում են իրեն հասնել:
Պատահական չէ, չէ՞, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցի ժամանակ 1915 թվի տեղահանությունը նա որակեց «անմարդկային», սակայն այցից օրեր անց Թուրքիայի հայ բնակիչ Սևան Նիշանյանին ազատազրկման ենթարկեցին`«կնիքի կեղծման և ապօրինի շինությունների» համար:
Պատահական չէ, չէ՞, որ «Թուրքիայի ձայնը» հաղորդաշարի հայ մասնակցի կատարումը բոլորին հմայել էր, սակայն 2-րդ փուլում նա հանկարծակի դուրս մնաց մրցույթից: Նշենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, հայ մասնակից Ջորջ Շեքերին խաղից դուրս թողելու հրամանը տվել էր ժյուրիի անդամ Էբրու Գյունդեշի (Ջորջը նրա խմբից էր) ամուսինը` ներկայումս «մեծ կաշառակերության» գործով բանտարկված ադրբեջանցի Ռեզա Զարրաբը:
Պատահական չէ, չէ՞, որ բոլորիս հայտնի «հայատյաց» Էրդողանը`դեմքին լայն ժպիտը, առաջին շարքերից ունկնդրում է թուրքական երգչախմբի՝ հայկական երգերի կատարումը:
Ոչինչ պատահական չէ, և անհասկանալի է, թե Թուրքիայի «խոհանոցում» ի՞նչ է կատարվում իրականում, բայց պարզից էլ պարզ է, որ Թուրքիան նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` աշխարհի ուշադրությունը տարբեր կողմեր շեղելով: