Փոխարժեքներ
01 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.74 |
EUR | ⚊ | € 448.8 |
RUB | ⚊ | ₽ 4.6795 |
GBP | ⚊ | £ 515.63 |
GEL | ⚊ | ₾ 140.69 |
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 1-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել էր «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։ Նրա այցից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ կենտրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի, որի նշանակումը կատարվել է սեպտեմբերի 9-ին, այսինքն՝ Արսեն Թորոսյանի այցից մեկ շաբաթ անց։
Yerkir.am-ին հասած տեղեկություններով՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի նախկին տնօրենին աշախտանքից ազատելու որոշում է կայացվել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 1-ի այցի ժամանակ Արսեն Թորոսյանի ներկայությամբ մանկատան սաները ճաշելուց առաջ արտասանել են Տերունական աղոթքը՝ «Հայր մեր»-ը։ Սա, ըստ շրջանառվող լուրերի, դուր չի եկել աթեիստ և աստվածամերժ նախարարին, և որոշել է աշխատանքից հեռացնել նախկին տնօրեն Անգելինա Արշակյանին։
Թե որքանով է հավաստի շրջանառվող այս լուրը, և ընդհանրապես ինչու են աշխատանքից ազատել նախկին տնօրենին, Yerkir․ am-ը նախ կապ հաստատեց կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մանուկյանի հետ՝ փորձելով ստանալ հարցերի պատասխանը։ Նա նշեց, որ նախկին տնօրենի հետ կապված որևէ տեղեկություն չունի, քանի այդ որոշումն ինքը չի կայացնում, և պատասխանատու է բացառապես իր պաշտոնավարման ժամանակահատվածի համար։
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք տեղյակ է շրջանառվող լուրերից, թե նախկին տնօրենին ազատել են զուտ նրա համար, քանի որ որ մանկատան սաները, ճաշից առաջ, Տերունական աղոթքն են ասել, ինչը դուր չի եկել նախարար Արսեն Թորոսյանին։
« Նման անհեթեթ վարկած երբևէ լսած չկայի, և դա ճաշի ժամանակ չի եղել, ես շատ հստակ հիշում եմ, դա բակում է եղել՝ փուչիկները թռցնելիս»,- ասաց Հասմիկ Մանուկյանը։
«Այսինքն՝ փուչիկները թռցնելի՞ս են ասել Տերունական աղոթքը»,-հետաքրքրվեցինք մեր զրուցակցից։
«Այո, փուչիկները թռցնելիս աղոթք են ասել, բայց, նորից եմ կրկնում, նման անհեթեթ վարկած երբևէ լսած չկայի»,-ասաց Հասմիկ Մանուկյանը։
Ի դեպ, ուսումնասիրելով նախկին տնօրենի սոցիալական էջը, նկատեցինք, որ բարեպաշտ քրիստոնյային հատուկ հոգևոր գրառումներով է կիսվել, և ենթադրելի է, որ նույն հոգևոր արժեքներով դաստիարակել է նաև մանկատան սաներին, ինչը, իհարկե, ողջունելի է։
Իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հավաստիացում-ուղղումը, թե «Տերունական աղոթքը» երեխաներն ասել են ոչ թե ճաշի ժամանակ, այլ բակում՝ փուչիկները թռցնելիս, անուղղակի վկայություն է այն մասին, որ երեխաների աղոթքը եղել է ուշադրության կենտրոնում, այն չի եղել սովորական դրվագ, առնվազն քննարկվել է և, չի բացառվում, որ առաջացրել է աստվածամերժ նախարարի զայրույթն ու տնօրենին աշխատանքից ազատելու պատճառ դարձել։
Ավելին, մենք Արսեն Թորոսյանի՝ «Զատիկ» այցից անմիջապես հետո տնօրենին աշխատանքից ազատելու որևէ այլ պատճառ չկարողացանք պարզել։
Հերմինե Զեյնալյան