Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիարբեքիրի հայերն այս տարի ստիպված եղան Սուրբ Զատիկը տոնել մի սրճարանում, քանի որ տեղի գործող միակ հայկական եկեղեցին` Սուրբ Կիրակոսը, փակ էր:
Կարոտ Սասունյան
Հայոց ցեղասպանությունից հետո Էրգրում տարիներ շարունակ չենք կարողացել Զատիկը բացահայտ կերպով տոնել: Մեր մեծերը ոչ թե ուղղակի, այլ անուղղակի կերպով էին մեզ սովորեցնում, որ այդ օրը տոն է: Այսինքն` Սուրբ Հարության տոնին չյորեքներ էին թխվում, որ բաժանվում էին հարևաններին, իսկ ձվերը խաշվում էին սոխի կճեպների հետ` այդպիսով կարմիր գույն ստանալով: Մենք կռվացնում էինք այդ հավկիթները: Սակայն երբեք մեզ չէր ասվում, թե ինչի համար են այս սովորույթները:
Տարիներ անց, երբ վերանորոգվեց Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին, այստեղ և շրջակա բնակավայրերում ապրող իսլամացված ու գաղտնի հայերը հավաքվում էին այս եկեղեցում և 2015 թ., այսինքն` Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո հազար հոգանոց մի խմբով նշում Սուրբ Զատիկը:
2015 թ. հետո թուրքական անվտանգության ուժերի և քուրդ մարտիկների միջև սկսված ընդհարումներից հետո Գյավուր թաղը լիովին քանդվեց և ավերակ դարձավ: Այդ ընդհարումների հետևանքով տուժեց նաև Սուրբ Կիրակոս եկեղեցին: Եվ այդ թաղամաս մուտքն ու ելքն արգիլվեց: Արդեն 4 տարի է, որ հնարավոր չէ մուտք գործել այդ թաղ ու Սուրբ Կիրակոս եկեղեցի:
Դիարբեքիրում այս տարվա Զատիկի համար դարձյալ չյորեքներ և ներկված հավկիթներ պատրաստվեցին: Քանի որ մուտքը Սուրբ Կիրակոս արգելված էր, Սուրբ Հարության տոնը նշվեց Դիարբեքիրի մի սրճարանում:
Այս տարվա տոնակատարություններին տեղի հայության հետ միասին մասնակցեցին նաև գրող և պատմաբան Բասքըն Օրանը և իր տիկինը, ինչպես նաև` Դիարբեքիրի Յենիշեհիր գավառի ղեկավարներից Բելգին Դիքենը, Մարդու իրավունքների միության` Դիարբեքիրի մասնաճյուղի նախագահ Ռաջի Բիլիջին, Քաղդեական եկեղեցու ղեկավար խորհրդի նախագահ Յուսուֆ Քարաբուլութը և դիարբեքիրցի արվեստի գործիչ Ուդի Երվանդը: Մասնակիցները մոտ 120 հոգի էին:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու ղեկավար խորհրդի անդամ Գաֆուր Թյուրքայը, Սուրբ Զատիկի տոնի մասնակիցներին շնորհավորելով, մաղթեց, որ այս տոնը բարեկամություն, եղբայրություն և մարդկանց միջև խաղաղություն բերի: Գաֆուր Թյուրքայը նաև ներկաներին ավետեց, որ 2015 թ. ի վեր փակ եղած Սուրբ Կիրակոս եկեղեցին վերստին կնորոգվի և հույս հայտնեց, որ մյուս տարվա Զատիկի տոնակատարությունը տեղի հայերը կնշեն Սուրբ Կիրակոս եկեղեցում:
Զատիկը տոնելու համար հավաքված տեղացի հայերը Սուրբ Հարությունը նշեցին` նախաճաշ ժամանակ ձու կռվացնելով:
Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց:
Շնորհավոր Սուրբ Զատիկ
Հատուկ շնորհավորում եմ Արցախում հայրենիքի պահապան զինվորների Սուրբ Հարության տոնը:
Թարգմանեց Մելինե Անումյանը