կարևոր
5197 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-02 10:56
Հասարակություն

ՈՒՂԻՂ. Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն է. «Հայաստան» խմբակցության պատգամավորները Եռաբլուրում են

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն է:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեակավարի գլխավարությամբ այցելում են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին:

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողություններ՝ հրետանու, զրահատեխնիկայի և ավիացիայի ներգրավմամբ: Հակառակորդի հարվածներից ապրիլի 2-ին զոհվեցին և վիրավորվեցին նաև երեխաներ:

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, իսկ ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն է ձեռք բերվում: Ժամը 12:00-ի դրությամբ դադարեցվում են ռազմական գործողությունները:

Ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 110 և վիրավորվել 121 զինծառայող և կամավորական: 

Հայկական կողմը կարողացել է խոցել Ադրբեջանի 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ (ԲՄՊ), 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք: Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, 4 ՀՄՄ (ԲՄՊ), 1 «Շիլկա» ինքնագնաց զենիթային կայան: