կարևոր
493 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-18 16:52
Հասարակություն

«Ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր». Միքայել Սրբազանը՝ դատավորին

Մեր դատաիրավական համակարգի հետ ամեն շփում ավելի խորացնում է իմ հիասթափությունը։ Ես երբևիցե չէի առնչվել դատաիրավական համակարգի հետ, բայց հուլիսի 17-ից, ինչ առնչվում եմ, փուլ առ փուլ իջնում են՝ դեպի խորխորատ, որի վերջը չի երևում։ Այս մասին դատարանում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ 

«Կա մեկը, որ այս երկրում սիրում է սաղմոս ասել։ Իրեն և Ձեզ կհիշեցնեմ այս սաղմոսը՝ «Դատիր, Տեր նրանց, որ ինձ դատում են»»,- նշեց Միքայել Սրբազանը՝ հավելելով, որ ինքը շատ ասելիք ունի։ 

«Դուք  իմ բնակության հաշվառման հասցեն կարդացիք՝ եպիսկոպոս Սմբատյան փողոց: Վստահ եմ՝ Ձեզ մոտ հարց չառաջացավ՝ ով է եպիսկոպոս Սմբատյանը, որովհետև պարզ երևում է, թե Դուք ինչ վերաբերմունք ունեք՝ եկեղեցական բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ: Արտակ Սմբատյանը Շիրակի թեմի առաջին առաջնորդն էր, որին բազմաթիվ անգամներ բռնեցին, ձերբակալեցին ու բաց թողեցին, և ի վերջո, 61-ամյա հասակում՝ 1937թ. հայտնի «տռոյկան» մահվան դատապարտեց և գնդակահարեց: Այսօր այդ փողոցը կոչվում է իր անվամբ։ 1953թ․ համաշխարհային ճիվաղի մահից հետո եպիսկոպոս Սմբատյանն արդարացվեց։ Նրան գնդակահարողների անունները չկան, վստահ եմ՝ նրանց գերեզմաններին խոտ էլ չի բուսնել, բայց Արտակ սրբազանի անունով փողոց կա: Այսօր չլինի, լինի 10 տարի հետո, 50 տարի հետո, իմ մահից հետո, ես արդարացվելու եմ, բայց Դուք մնալու եք մեղավոր, ամաչելու եք Ձեր զավակների, սերունդների առջև, Դուք մայր եք։ Իմ ձերբակալությունն այս իշխանությունների խարանն ու խայտառակությունն է, բայց չեմ կարողանում հասկանալ՝ Ձեզ ի՞նչն է դրդում մասնակից դառնալ այս խայտառակությանը, սա ինձ համար մեծագույն դժբախտությունը, ցավում եմ  Ձեզ համար, ինչպես՝ ցավում եմ․ իբրև հոգևորական, ցանկացած կնոջ համար, որ  սխալ է գործում»,- ասաց Միքայել Սրբազանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանին ուղղված բացարկի միջնորդության վերաբերյալ։ 

Մանրամասն՝ տեսանյութում։