|
Փոխարժեքներ
04 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.19 |
| EUR | ⚊ | € 422.53 |
| RUB | ⚊ | ₽ 4.1972 |
| GBP | ⚊ | £ 491.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Միջազգային-Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպությունն (MİT) ու Հունաստանը զարգացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում
Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության (MİT) նախագահ Իբրահիմ Քալընը Աթենքում հանդիպել է Հունաստանի ազգային հետախուզության ծառայության (EYP) ղեկավար Թեմիստոկլիս Դեմիրիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Հունաստան հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև առկա խնդիրների լուծմանն ուղղված հնարավոր քայլերը: Ընդգծվել է, որ երկու երկրների հարաբերությունները վճռորոշ նշանակություն ունեն Էգեյան ծովի և Արևմտյան Միջերկրականի, ՆԱՏՕ-ի անվտանգության, հետախուզական համագործակցության, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, ապօրինի միգրացիայի և մարդկանց մաքսանենգության դեմ պայքարի ոլորտներում: Քալընն ու Դեմիրիսը համատեղ որոշում են կայացրել, որ անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել երկու երկրների միջև ահաբեկչական և կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարում վերջին շրջանում արձանագրված դրական դինամիկան՝ համագործակցությունը հասցնելով ռազմավարական մակարդակի: MİT-ի ղեկավար Քալընն ու EYP-ի ղեկավար Դեմիրիսը պայմանավորվել են նաև էլ ավելի ամրապնդել հետախուզական ծառայությունների միջև սերտ համագործակցությունը երկկողմ և տարածաշրջանային հարցերում:

Ներքաղաքական-«Հաղթանակ» կուսակցության առաջնորդի կարծիքով՝ պատահականություն չէ, որ ՊԿԿ-ի լուծարմանն ուղղված «Շրջանակային օրենքն» ընդունվել է հենց Սևրի դաշնագրի օրը
«Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) առաջնորդ Ումիթ Օզդաղն այցելել է «Belediye-İş» արհմիություն: Վերջինիս նախագահ Նիհաթ Յուրդաքուլը Օզդաղին և պատվիրակությանն ընդունել է իր աշխատասենյակում: Հանդիպմանն անդրադառնալով «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացին՝ Օզդաղը նշել է. «Շուրջ 22 ամիս առաջ հայտարարեցին, թե ՊԿԿ ահաբեկչական կազմակերպությունն ինքնալուծարվելու է: Սակայն հիմա տեսնում ենք, որ նման բան տեղի չի ունենում: Նրա միայն կառուցվածքը փոխելով՝ ցանկանում են լուծարել Թուրքիայի Հանրապետության ազգային և աշխարհիկ պետական համակարգը և ստեղծել բազմազգ, ինքնավար շրջաններով նոր պետություն: Որպես «Հաղթանակ» կուսակցություն՝ մենք հակադրվում ենք այս ամենին: Մենք այս գործընթացը որակում ենք որպես երկրորդ Սևր»։ Պնդելով, թե Թուրքիայի Ազգային մեծ ժողովում «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացի շրջանակներում օրակարգ բերված «Շրջանակային օրենքի» (çerçeve yasa) ընդունումը 2026 թ․ օգոստոսի 10-ին պատահականություն չէ, Օզդաղը հայտարարել է. «Վստահ եղեք, որ ամենևին պատահական չէ, որ այս օրենքն օրակարգ է բերվել Սևրի 106-րդ տարելիցին, այսինքն՝ 2026 թվականի օգոստոսի 10-ին: Սևրի 106-րդ նզովյալ տարելիցին ՊԿԿ-ի համար ներում հրապարակեցին: Եվ այդ ՊԿԿ-ն, Աբդուլլահ Օջալան կոչված ահաբեկիչն ասաց. «Չենք ընդունում Լոզանը, Թուրքիայի Հանրապետությունը ցեղասպանություն է իրականացրել»՝ զրպարտելով թուրքական պետությանն ու թուրք ազգին»:

Տնտեսական- Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը և Գնաճի հետազոտման խումբը հարապարակել են օգոստոսի գնաճի ցուցանիշները
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն՝ օգոստոսին Սպառողական գների ինդեքսը ամսական կտրվածքով աճել է 1,84%-ով, իսկ տարեկան գնաճը կազմել է 31,51%։ Գնաճի հետազոտման խմբի տվյալներով՝ օգոստոսին գնաճը Թուրքիայում կազմել է 2,24%, տարեկան կտրվածքով՝ 49,03%։

Մշակութային-Պերայի թանգարանը կկազմակերպի սուրճի մշակույթին նվիրված ժամանակավոր ցուցադրություն
Պերայի թանգարանը սեպտեմբերին «Արտասովոր Մինասը» և «Կշռի ու չափի արվեստը» ցուցահանդեսների շրջանակում կազմակերպում է երկու անվճար թեմատիկ շրջայց: Սեպտեմբերի 18-ին և 25-ին նախատեսվող շրջայցերի շրջանակներում անդրադարձ կլինի Սուլթանահմեդի սուրճի մշակույթի ազդեցությանը Քյութահիայի (Կուտինա) հախճապակու արվեստի վրա, ինչպես նաև անտիկ աշխարհի միֆոլոգիական խորհրդանիշներին: 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածի օրինակով կներկայացվի, թե սրճարանների ձևավորած սոցիալական կյանքն ինչպես է արտացոլվել Քյութահիայի հախճապագործ վարպետների աշխատանքներում: Շրջայցի առանցքային կանգառներից մեկը կլինի Մինաս Ավրամիդիսի «Ժենովևայի պատմությունը» (Genovefa Hikâyesi) թեմայով ափսեների շարքը: «Աստվածներ, խորհրդանիշներ և չափեր» խորագրով երկրորդ թեմատիկ շրջայցի ընթացքում կքննարկվեն կշռի և չափման առարկաների վրայի կերպարների իմաստներն ու դրանց առասպելաբանական պատմությունները:
Պատրաստեց Մելինե Անումյանը