կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-06 10:44
Հասարակություն

Քրիստիննե Գրիգորյանը գերմանական IRZ հիմնադրամի հետ քննարկել է համագործակցության ուղղություններ

Քրիստիննե Գրիգորյանը գերմանական IRZ հիմնադրամի հետ քննարկել է համագործակցության ուղղություններ

Ապրիլի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին։ Հանդիպմանը տեսակապով միացել է IRZ-ի Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը, ում հետ քննարկվել են համագործակցային մի շարք հարցեր:

ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպան Գրիգորյանը, ողջունելով միջազգային գործընկերներին, նշել է, որ IRZ-ի հետ ՄԻՊ հաստատության արդյունավետ համագործակցության փորձը ամուր հիմք է հանդիսանում համագործակցությունը զարգացնելու համար:

Ֆրանկ Հուփֆելդն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ՝ ընդգծելով Քրիստիննե Գրիգորյանի հետ արդյունավետ համագործակցության նախկին փորձը, վստահություն հայտնել խորացնելու համագործակցությունը Պաշտպանի առաքելության շրջանակում:

Օրակարգային հարցերի քննարկման շրջանակում կողմերն անդրադարձել են նախկինում կազմակերպված կարողությունների զարգացման միջոցառման արդյունքների ամփոփմանը և ծրագրային համագործակցության նոր ուղղությունների նախանշմանն առնչվող մի շարք հարցերի:

Մասնավորապես՝ Պաշտպան Գրիգորյանը համագործակցային նոր ուղղությունների շրջանակում ներկայացրել է որպես կանխարգելման ազգային մեխանիզմ ՄԻՊ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման մշտադիտարկման կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ընդգծել է շտապ օգնության բժիշկների և քրեական ոստիկանության ու Պաշտպանի հաստատության աշխատակիցների համատեղ վերապատրաստումների կարևորությունը՝ միտված խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կարևորել է նոր ընդունված քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների լույսի ներքո անձանց բերման ենթարկելու ինստիտուտի իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման անհրաժեշտությունը:

Ֆրանկ Հուփֆելդը, բարձր գնահատելով համատեղ իրականացված նախկին ծրագրերի ամփոփման արդյունքները, պատրաստակամություն է հայտնել ՄԻՊ աշխատակազմի հետ նախանշված նոր ուղղություններով ծրագրային համագործակցության հարցում: