կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-22 02:18
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը 2-րդ կեսի որոնումներում

Հենրիխ Մխիթարյանը 2-րդ կեսի որոնումներում

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացառիկ հարցազրույց է տվել IQ Magazine ամսագրին:


«Իմ հայրը ֆուտբոլիստ էր: Երբ նա մահացավ, ես որոշեցի շարունակել նրա գործը: Յոթ տարեկանում ընդունվեցի Երևանի ֆուտբոլային դպրոցը, որը հետագայում վերանվանվեց «Փյունիկ»:

 

«Իմ նվիրական երազանքն է դառնալ Եվրոպայի և աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ամեն ինչ անում եմ դրա համար: Ես դեռ 21 տարեկան եմ, երազանքս իրականացնելու համար ժամանակ դեռ կա: Կարծում եմ` եթե լավ աշխատեմ, կարող եմ դառնալ լավագույններից մեկը»:


«Որպես այդպիսին, ամենամեծ նպատակ չունեմ: Ընդհանրապես իմ առջև մեծ նպատակներ չեմ դնում, ամեն ինչի ես ձգտում եմ հասնել քայլ առ քայլ: Իմ կարծիքով, եթե մարդը կոնկրետ նպատակ չունի, կյանքում նա անելիք չունի»:


«Ամաչում եմ, երբ փողոցում, խանութում ինձ ճանաչում են, նայում են և խոսում իմ մասին, և ոչ միայն Հայաստանում, այլև Ուկրաինայում: Միևնույն ժամանակ, դա շատ հաճելի է»:


«Նյարդայնանում եմ, երբ ինչ-որ բան չի ստացվում: Ճիշտ է, դա մարդկանց ցույց չեմ տալիս: Աշխատում եմ ինքս ինձ հանգստացնել, ասում եմ, որ ամեն ինչ կստացվի, քանի որ եթե շատ աշխատես, ապա ամեն ինչի կարող ես հասնել: Զայրանում եմ նաև այն ժամանակ, երբ ինձ չեն հասկանում»:


«Անձնականիս մասին առայժմ կարող եմ ասել հետևյալը. ոչ մի լուրջ բան չկա, քանի որ դեռ երկրորդ կեսիս որոնումների մեջ չեմ»:


«Ես շատ պատասխանատու եմ մոտենում իմ աշխատանքին: Չեմպիոնների լիգայում ուկրաինական ակումբի համար եմ խաղում, սակայն Հայաստանն եմ ներկայացնում, քանի որ հայ եմ: Ցանկանում եմ, որ այն թիմը, որտեղ ելույթ եմ ունենում, հպարտանա հայ ֆուտբոլիստով»:


«Այսպես կոչված` ներքին ձայնին ես այնքան էլ մեծ նշանակություն չեմ տալիս: Իհարկե, պատահում է, որ այն ինչ-որ բան ինձ հուշում է, սակայն քանի որ սպորտում և հատկապես ֆուտբոլում ներքին ձայնը դեր չի խաղում, չեմ լսում: Պարզապես խաղադաշտում ես միշտ լավատես եմ, և երբ թիմս պարտվում է, մինչև վերջին վայրկյանը հաղթանակի հույսս չեմ կորցնում»:


«Որպես կանոն` ես գոհ եմ խաղադաշտում իմ պահվածքից, քանի որ երբեմն եմ դուրս գալիս հունից, երբ իմ նկատմամբ անարդար են գտնվում: Սակայն աշխատում եմ ինձ վրա, որպեսզի դժգոհությունս ցույց չտամ, քանի որ հանգստությամբ և սառնարյունությամբ ավելի շատ կարող եմ խոցել մրցակցին»:


«Ընտրության ժամանակ սովորաբար երկար եմ մտածում, կշռադատում եմ, հաշվի եմ առնում հետևանքները: Իսկ երբ արդեն ընտրությունս կատարում եմ, երբեք չեմ ափսոսում արածիս համար: Կտրուկ որոշումներ միայն փոքր հարցերում եմ կայացնում: Իսկ ավելի լուրջ հարցերի ժամանակ կտրուկ բաներ չեմ ձեռնարկում»:


«Յուրաքանչյուր մարդ անկախատեսելի է. այսօր կողքիդ է, ընկերդ է, վաղը կարող է դառնալ թշնամիդ: Այդ պատճառով կյանքում ամեն ինչին պետք է պատրաստ լինել: Թեև ինքս ինձ կանխատեսելի մարդ եմ համարում: Ինչպիսին եղել եմ, այնպիսին էլ մնացել եմ»:


«Իմ նշանաբանը սպորտում` աշխատել, աշխատել և կրկին աշխատել»:


«Այսօր իմ սիրելի ֆուտբոլիստը Լեոնել Մեսսին է, իսկ մի քանի տարի առաջ Զինեդին Զիդանն էր: Երկուսն էլ շատ համեստ և տաղանդավոր ֆուտբոլիստներ են: Ես հիանում եմ հատկապես նրանց մարդկային որակներով»:


«Հայկական ֆուտբոլի ապագային լավատեսությամբ եմ նայում: Ճիշտ է, Հայաստանի առաջնությունն այնքան էլ ուժեղ չէ, սակայն տարեցտարի բարգավաճում է: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, կհիշեցնեմ մեր վերջին փայլուն հաղթանակների մասին»:


«Արդարացված սպասելիքներից կնշեմ 2010-ին ազգային հավաքականի փայլուն հաղթանակները: Սպասում էի նաև, որ «Մետալուրգից» ավելի ուժեղ թիմ կտեղափոխվեմ, այդպես էլ եղավ: Հիասթափություններից կառանձնացնեի այն, որ լուրջ վնասվածքի պատճառով երկու-երեք ամիս չկարողացա ելույթ ունենալ «Շախտյորում»:


«Ֆուտբոլն իմ աշխատանքն է, և ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից: Եթե աշխատանքը մարդուն հաճույք չի պատճառում,այլ հոգնեցնում է, նշանակում է, որ նա իր գործով չի զբաղվում»:


«Ինձ ռոմանտիկ չեմ համարում, սակայն սիրում եմ զբոսնել անձրևի տակ: Մի քիչ արևից վախենում եմ, քանի որ կենդանակերպի նշանով Ջրհոս եմ և վախենում եմ հալչել: Իմ սիրած աղջիկը պետք է լինի գեղեցիկ և խելացի»: